ԿՈՄՊՐՈՄԻՍԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԽՈՐԺԱԿԸ ՇԱՏ Է ՄԵԾԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպումը, որին, ի զարմանս շատերի, չի մասնակցելու ԼՂՀ հակամարտության հարցում միջազգային մանդատ ունեցող միակ կառույցը` ԵԱՀԿ-ն:
Առաջիկա հանդիպումից ակնկալիքների շուրջ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին եւ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գ. Սարգսյանին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը չի մասնակցելու ԵԱՀԿ-ն: Այս փաստը Ձեզ համար մտահոգիչ չէ՞:
-Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Անկախ ամեն ինչից արեւմտյան եռանախագահողների չմասնակցությունը եւ ԵԱՀԿ հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը միջազգային հանրությունից մեկուսացված գործող պետություն է: Իհարկե, բազմիցս հայտարարություններ եղան նաեւ արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից, որ ԼՂՀ հիմնախնդրում իրենք կարողանում են շատ կոնսրուկտիվ համագործակցել, բայց միեւնույն է՝ այս գործընթացը ցույց է տալիս, որ Ռուսաստանը գտնվում է որոշակի մեկուսացման մեջ;
-Ըստ Ձեզ՝ սա ցույց չի տալի՞ս, որ Ռուսաստանը ցանկանում է ԼՂՀ հակամարտության կարգավորման ղեկը բացառապես իր ձեռքը վերցնել:
-Եթե ուշադիր հետեւել եք Վիեննայի հանդիպմանը, որքան էլ շատերը զուտ դիվանագիտական ձեւակերպումներով փորձեն ասել, որ Ռուսաստանի դերը այնտեղ փոքրացված չէր, ակնհայտ էր, որ ամբողջ կազմակերպչական գործընթացը՝ ձեւից եւ բովանդակությունից սկսած, այդ թվում նաեւ հայտարարությունները, ցույց էին տալիս, որ Ռուսասատանի մասնակցությունն այդտեղ գրեթե դիտորդական մակարդակի վրա էր, ոչ ավել: Իսկ գործնական առումով հստակ էր, որ դա արեւմտյան, մասնավորապես Քերիի նախաձեռնության ամենաակնհայտ դրսեւորումն էր, եւ ամբողջ գործընթացը գտնվում էր ոչ ավել, ոչ պակաս Քերիի ձեռքում: Ես այն կարծիքին չեմ, որ ռուսական կողմը ցանկություն ունի ԼՂՀ հիմնախնդիրը խաղաղ կարգավորել: Եւ քառօրյա պատերազմը, ցավոք սրտի, մեկ անգամ եւս ապացուցեց, որ դա ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, որը կազմակերպեց եւ նախապատրաստվեց այդ քառօրյա պատերազմին, ունեցավ զգալի զոհեր, նյութատեխնիկական կորուստներ: Հիմա ով է շահելու այս կոնֆլիկտի զարգացումից: Բոլոր նրանք, ում համար կարեւոր է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը, բնականաբար չեն շահում: Ռուսաստանը չի կարելի չասել, որ այս դեպքում ակնհայտ շահ ունի ե՛ւ զենքի վաճառքի, ե՛ւ, ինչու ոչ, նրա համար կենսական նշանակություն ունի կոնֆլիկտի չլուծումը, որպեսզի ինքը կարողանա հստակ օգտագործել թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին: Այսօր բոլորի համար պարզ է, որ սա ոչ միայն ԼՂՀ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ է, այլ սա ցանկացած պահի կարող է տարածվել եւ ընդգրկել ամբողջ տարածաշրջանը եւ դառնալ աշխարհի այսօրվա ամենաթեժ կետերից մեկը: Այսինքն՝ այս լծակը մերթ ընդ մերթ Ռուսաստանը, որպես կանոն, օգտագործում է: Այս ամենը հաշվի առնելով՝ ես չեմ կարող մեծ սպասելիք ունենալ Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպումից:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպումը, որին չեն մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի համանախագահողները: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է հուշում, եւ, առհասարակ, ի՞նչ ակնկալենք հանդիպումից:
-Կարծում եմ, որ սա մեկ նախաձեռնության արդյունք է, այսինքն՝ Վլադիմիր Պուտինի, եւ եթե երկու նախագահները համաձայնվել են, ուստի նրանք հասկանում են՝ հանուն ինչի են գնում այսպիսի հանդիպման եւ ինչ օրակարգ կարող են քննարկել: Այս պարագայում հավանաբար շատ ավելի սահմանափակ կլինի օրակարգը, չի կարող լինել այնպիսին, ինչպիսին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կարող էր լինել: Իմ պատկերացմամբ ավելի շատ կենտրոնանալու են հետեւանքների վրա, եթե իսկապես ռազմական գործողություններ լինեն, տարածաշրջանում ինչպիսի վտանգավոր իրավիճակ կստեղծվի: Ինչ վերաբերում է համաձայնության գալուն, ես շատ քիչ հավանական եմ համարում. խոսքս քաղաքական բանակցությունների արդյունքների վերաբերյալ է:
-Ձեր կարծիքով ԵԱՀԿ-ի բացակայությունն այդ հանդիպմանը արդյո՞ք չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է հակամարտութան կարգավորումը բացառապես իր ձեռքն առնել:
-Եթե մասնակիցները այդ կոնֆլիկտից զերծ չեն, ուրեմն թող այդպես էլ լինի, ովքեր որ կկարողանան մեզ օգնել, թող օգնեն այս ծանրագույն հարցը լուծելու առումով: Բայց լուծումը, ամեն դեպքում, կայացնելու են երեք կողմը. առանց ԼՂՀ-ի՝ այս հարցը լուծում չունի, դա միանշանակ է: Ցավում եմ, բայց հարցի լուծման իրական հեռանկարը այս պահին չեմ տեսնում, որովհետեւ քաղաքական կոնպրոմիս կոչվածը համարյա բացառվում է, քանի որ Ադրբեջանի ախորժակը շատ է մեծացել: Իմ կարծիքով խոսքը գնալու է այն մասին, թե ինչպես ստատուս քվոն պահպանվի այնքան ժամանակ, մինչեւ նորից կարողանան գալ որեւէ կոնպրոմիսային տարբերակի: Մի ուրիշ խնդիր կա. եթե Հայաստանը ճիշտ կողմնորոշվեր, ապա ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո պետք է հրաժարվեր, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներից եւ ներկայացներ իր սեփական պատկերացումն ու դիրքորոշումը, բայց, ցավոք սրտի, դա չարվեց:
Վիեննայի համաձայնությունն ընդամենը հրադադարի հետ էր կապված: Ես համոզված եմ՝ այստեղ ամեն ինչ պարիտետային է Ռուսաստանի համար, նա չի ուզում Ադրբեջանի հետ թշնամանալ եւ չի ուզում նաեւ Հայաստանին նեղացնել, դրա համար կարծում եմ, որ, այո, փորձեր կարող է անել, որ ինքը ազդեցության տակ պահի երկու կողմերին էլ, բայց միեւնույն է՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության՝ ամբողջական պայմանագիր կնքել հնարավոր չէ, առավել եւս եթե ԼՂՀ-ն մասնակից չդառնա:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ դահլիճը վերստին դատարկ էր:

Թեեւ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված չէ պատգամավորներին պատժել դահլիճում ներկա չգտնվելու համար, այնուամենայնիվ, քանի որ մեր ազգընտիրների դեպքում չի գործում անգամ տարրական բարեխղճությունը, այդ հարցը թերեւս պետք է առաջիկայում դառնա լուրջ հանրային քննարկման առարկա: Քանի որ կիսադատարկ դահլիճներում, կիսատ-պռատ քննարկուներով ընդունվում են ՀՀ բոլոր քաղաքացիների շահերին առնչվող օրենքներ:
Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը այս նախագծով 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն ԱՄՆ դոլարի վարկ` Գյումրի քաղաքում անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ բարեկարգ փողոցների եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի համար:
Ուշագրավն այն է, որ դահլիճի դատարկությունից երեկ սրտնեղեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հորդորեց պատգամավորներին վերադառնալ նիստերի դահլիճ: «Վերադարձեք ձեր տուն: «Արի տուն», ծրագիրը մեկնարկել է, համեցեք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` նկատելով, որ պարտաճանաչ ներկայացել են միայն Գյումրիից ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը եւ կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանը: Սուքիաս Ավետիսյանն էլ ընդգծեց, որ առաջին անգամ է դատարկ դահլիճում ելույթ ունենում:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

ԿՀԱՐՑԱՔՆՆԵՆ ՄՈՐԸ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 8-ին Գորիսում տեղի էր ունեցել ծեծկռտուք՝ այդ քաղաքի ոստիկանության բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ: Նշված օրը Գորիսի «Դիանա» ռեստորանի բակում Գեւորգ Ազիզյանը վիճաբանել Էր իր տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի եղբոր՝ Արթուր Գեւորգյանի հետ: Այս միջադեպի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հրապարակումը պատճառ դարձավ, որպեսզի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվեն, իսկ Արթուր Գեւորգյանը, որը մոտ 20 օր կալանքի տակ էր պահվում՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, ազատ արձակվի: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Գեւորգյանների մայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ նրանց խնդրելով, որ ապահովեն միջադեպի արդար քննություն: Պարզվում է՝ ՀՔԾ-ն նամակն անարձագանք չի թողել, մեր տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել Գեւորգյանների մորը՝ Հասմիկ Սահակյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության:

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ
Հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էին ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին ու Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երեւանում եւ մարզերում շուրջ երեք տասնյակ գողություն կատարելու մեջ: Նաեւ տեղեկություններ տարածվեցին, որ բացառված չէ, որ հենց այդ երիտասարդներն են եղել գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի բնակարաններից գողություն կատարողները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկն արդեն իսկ խոստովանական ցուցմունքներ է տվել եւ պատմել է, թե ինչպես են գործարար Բեգլարյանի տունը թալանել:

 

 

«ՆՎԵՐՈՎ» ԱՊՐՈՂ ՕԳՆԱԿԱՆԸ
Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Աբելյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել է 62.4 մլն դրամ եւ 7 հազար 900 դոլար: Իսկ որպես եկամուտ Աբելյանը հայտարարագրել է իր՝ օգնականի աշխատավարձը, որը ամսական կազմում է մոտ 630 հազար դրամ: Բացի այդ՝ օգնականը նաեւ հայտարարագրել է «այլ եկամուտ»՝ 8 հազար 100 դրամի չափով: Նա նաեւ հայտարարագրում նշել է, որ անցած տարի 700 հազար ռուսական ռուբլի նվեր է ստացել: Իսկ նրա փոխառությունները անցած տարվա վերջի դրությամբ կազմել են 31 մլն դրամ:




Լրահոս