«ՍՏԻՊՎԱԾ ԷԻ ՉՈՐԵՔԹԱԹ ՄԻ ԿՈՒԼԻՍԻՑ ԱՆՑՆԵԼ ՄՅՈՒՍԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Մենք խոստանում ենք բացահայտել նրանց բնավորության արտասովոր գծերը, գաղտնազերծել վերջիններիս կյանքում գրանցված, քչերին հայտնի «մութ» դրվագներ: Այս զրույցների արդյունքում բոլորիս կողմից ճանաչված անձինք հանդես կգան իրենց նոր, հետաքրքիր կողմերով: Այս անգամ զրուցել ենք մի շարք հումորային նախագծերից, սերիալներից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանի հետ:

-Զառա՛, օրը սկսում եք…
-Երեխայիս հետ խաղով, որը հաճախ վերածվում է «անկողնային գզվրտոցի»: Ընդ որում, դրանց մեծ մասի հեղինակը հենց նա է:
-Ձեր կյանքի շրջադարձային փուլերը:
-Առաջին փուլը վրա հասավ այն պահին, երբ ես կանգնած էի երկընտրանքի առջեւ` ընդունվել կոնսերվատորիա, թե՞ թատերական ինստիտուտ: Եվ ծանոթությունս «32 ատամի» տղաների հետ ուղղորդեց թատերական ինստիտուտ: Երկրորդ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ հանդիպեցի ամուսնուս, իսկ երրորդը` երբ ծնվեց երեխաս:
-Զավեշտալի փորձեր Ձեր կարիերայում:
-Ես, այսպես ասած, դեպի կարիերա տանող առաջին քայլերս արել եմ Աբովյան քաղաքում` այցելելով մի հեռուստաընկերություն, որը պատրաստում էր հաղորդում քաղաքի շնորհալի երեխաների մասին: Ասացի՝ ես հաղթել եմ «Դո-ռե-մի» մրցույթում, խնդրում եմ ինձ էլ ընդգրկեք տեսանյութում: Բայց նման բան չկար, ես խաբեցի. դա շատ զվարճալի հարցազրույց էր (ծիծաղում է): Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դրանից երկու շաբաթ անց ես մասնակցեցի այդ ծրագրին եւ իսկապես հաղթեցի: Ստացվում է, որ երազանքս համարեցի կատարված, այնուհետեւ գնացի դրա ետեւից:
-Բեմում տեղի ունեցած միջադեպ, որը Ձեր մտքից դուրս չի գալիս:
-12 տարեկան էի, Սանկտ Պետերբուրգում մասնակցում էի միջազգային մրցույթի: Բարձրակրունկներով ելա բեմ, կրունկս մնաց հատակի տախտակների արանքում: Ու փոխանակ երկու կոշիկս էլ հանեի, մեկով բարձրացա բեմ: Մարդիկ կային` ասել էին. «Էն կաղ աղջիկը լավ էր երգում» (ծիծաղում է): Վերջերս էլ «Մենք ենք եւ Մոխրոտը» ներկայացման ժամանակ ետնաբեմում լամպը պայթեց, եւ ես ստիպված էի չորեքթաթ մի կուլիսից անցնել մյուսը, որպեսզի շրջանցեմ փոսերն ու անհարթությունները (ծիծաղում է):
-Յուրահատուկ աշխատանք, որ կատարել եք, բայց քչերն այդ մասին գիտեն:
-Խոտհունձ եմ արել ամուսնուս ամառանոցում: Տղամարդկանց հետ հավասար աշխատել եմ:
-Հանգստի Ձեր նախընտրելի տարբերակը:
-Մեկնել այնպիսի վայր, որտեղ ջուր կա: Ես նման տեղերում, իսկապես, հանգստանում եմ…
-Անգամ մեծ գումարի դիմաց երբեք չեք համաձայնի…
-Մի բան անել, որը կվնասի իմ ընտանիքի համբավին, որից, օրինակ, իմ երեխան իրեն վատ կզգա:
-Իր, որ պահում եք ուշի ուշով, առանձնահատուկ խնամքով:
-Ես, առհասարակ, սնահավատ չեմ, եւ, ի տարբերություն շատ մայրերի, երբ երեխաս նոր էր ծնվել, նրա հետ ներկայանում էի հանրությանը, անգամ նրան հետս տանում էի աշխատանքի, նկարահանվում էի, իսկ դրա զուգահեռ սենյակում կերակրում էի բալիկիս: Բայց կար մի խաչ, որը միշտ ուղեկցում էր նրան, եւ ես հավատում էի, որ այդ խաչը կպաշտպանի որդուս: Հիմա ես այն պահում եմ նույն խնամքով:
-Մարդկանց հետ լեզու գտնելու ամենահեշտ ձեւը:
-Դա նրանց սիրելն է: Թատերական ինստիտում Արմեն Մազմանյանի կուրսն եմ ավարտել: Նա ասում էր. «Եթե ես իմ ուսանողին չսիրեմ, մեր դասը չի ստացվի»: Այդ սկզբունքը գործում է նաեւ այլ պարագաներում:
-Բնավորության գծեր, որոնք խանգարում են Ձեզ:
-Շատ նման գծեր ունեմ: Անմիջականությունս, օրինակ, երբեմն օգնում է ինձ, երբեմն խանգարում: Որոշ դեպքերում շատ սենտիմենտալ եմ, շուտ բռնկվող, իմպուլսիվ, իմ առջեւ դրված հարցերը առանձնապես ծանրութեթեւ անող չեմ: Այդ պատճառով երբեմն ինքս ինձ վրա զայրանում եմ:
-Մարդկային տեսակ, որը Ձեզ վանում է:
-Տասերեսանիները. նրանց երբեք չեմ հասկացել: Տանել չեմ կարողանում նաեւ մարդուն շահագործողներին, մարդուն մարդու պես չվերաբերվողներին:
-Բառեր կամ արտահայտություններ, որոնք Ձեր լեկսիկոնից բացակայում են:
-Չեմ հավատում-ը: Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այս կյանքում ոչինչ դոգմատիկ չէ, ամեն բան փոփոխական է, ուստի ամեն ինչի կարելի է հավատալ:
-Քաղաքական գործիչ, որը չի դադարում զարմացնել Ձեզ:
-Ժիրինովսկին (ծիծաղում է): Հատուկ որոնում եմ նրա մասնակցությամբ տեսանյութեր, որ դիտեմ, տրամադրությունս բարձրանա:
-Հիասթափության դեմ Ձեր դեղամիջոցը:
-Աղոթքը: Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ եթե մի խնդրի մասին անընդհատ մտածում ես, այդ մտքերով քեզ տանջում ես, դու փակում ես բոլոր դռները, որտեղից քեզ մոտ լույս էր գալու:
-Արժի ապրել թեկուզ հանուն…
-Իմանալու եւ զգալու, որ դու գիտակցես, որ կաս:

 

 

 

 
ՍԻՐՈՒՇՈՆ ԿՄԵԿՆԻ՞ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՎՏԱՆԳԱՎՈՐ» ՄՐՑՈՒՅԹԻՆ

Վերջերս «Big Apple Music Awards»-ի հիմնադիր Ստելլա Բոյաջյանը «Իրավունք» թերթին պատմել է, որ BAMA-ն եւ «Daf Bama Music Awards»-ը դատական գործընթացի մեջ են գտնվում, քանի որ վերջինս գողացել է իրենց մրցանակաբաշխության անունը, եւ այսօր «Daf Bama Music Awards»ի կազմակերպիչներ աֆղանցի ամուսինները հանդես են գալիս BAMA-ի անունից եւ «Daf BAMA Music Awards»-ը ներկայացնում են որպես «Big Apple Music Awards»:

Ս. Բոյաջյանը նաեւ ուշագրավ մի հայտարարություն է արել, ըստ որի՝ «Daf Bama Music Awards»ի կազմակերպիչները` աֆղանցի ամուսիններ Ֆավադ եւ Ռոյա Նադիարները, որոնց հետ ինքը նախկինում համագործակցել է «Big Apple Music Awards»-ի շրջանակներում, ընդգրկված են մի շարք «մութ գործերի» մեջ: Նրա խոսքով` աֆղան տղամարդը կապված է թալիբանների եւ մոջահետների հետ (իսլամիստական ահաբեկչական շարժման ներկայացուցիչներ). գնալով տարբեր վայրեր` նա համոզում է մարդկանց, որ դառնան թալիբաններ եւ մոջահետներ, ովքեր հետագայում գումար են ուղարկում ահաբեկիչներին: Ս. Բոյաջյանի հավաստիացմամբ` այդ թվում Ադրբեջանն է տվյալ գումարով զենք ձեռք բերում, որն օգտագործում է մեր բանակի եւ զինվորների դեմ:
Ինչպես հայտնի է` օգոստոսի 27-ին Համբուրգում կայանալիք գերմանական «Daf Bama Music Awards» մրցանակաբաշխությանը Հայաստանից նոմինացված են Անդրեն եւ Սիրուշոն: Ս. Բոյաջյանը այն համոզման է, որ մեր երգիչ-երգչուհիները պետք է անպայման տեղյակ լինեն վերոնշյալ «խաբեության» մասին:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ` պարզելու, թե ինչ է այս ամենի առթիվ մտածում վերջերս մայրացած երգչուհին, եւ արդյոք նա կմեկնի` մասնակցելու մրցույթին:
«Ես կարող եմ այս պահին հաստատել, որ Սիրուշոն նոմինացված է «Daf Bama Music Awards»-ին, բացի այդ` նա ստացել է պաշտոնական հրավեր` մասնակցություն ունենալու մրցանակաբաշխությանը: Այս պահին հարցը քննարկման փուլում է, ընթացքի մեջ է, ուստի վերջնական մեկնաբանություն տալ չեմ կարող: Ինչ վերաբերում է «Daf Bama Music Awards»-ի գործունեությանը, երկու կողմի կազմակերպիչների միջեւ հարաբերություններին կամ այդ մասին տարածվող լուրերին, ապա կասեմ, որ ես բավականաչափ ինֆորմացիա չունեմ եւ իրավասու չեմ դրանք մեկնաբանել»,-ասաց նա:
Հավելենք, որ մենք ծանոթացանք «Daf Bama Music Awards»-ի պաշտոնական կայքի «Մեր մասին» բաժնում զետեղված տեղեկությանը, որտեղ նշված է. «2008 թվականից սկսած, երկար ճանապարհ անցնելով` մենք ամեն անգամ թողնում ենք մեր հաջողության հետքը»: Իսկ, ահա, Ս. Բոյաջյանը նշել է, որ աֆղանցի ամուսինների հետ ծանոթացել է 2009-ին եւ ապա համագործակցել նրանց հետ «Big Apple Music Awards»-ի շրջանակներում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՄԵՐԳԸ  ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երգիչ Հարութ Բալյանը, ով հատուկ բարեգործական համերգով հանդես գալու նպատակով եկել էր Հայաստան, իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ իրադարձությունները բոլորովին այլ ընթացք են ստացել: Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի՛ հայաստանաբնակ հայրենակիցներ եւ երկրպագուներ, մեծ ցավով ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական լուրջ պատճառներով շտապ վերադառնում եմ ԱՄՆ, այդ պատճառով մենահամերգը հետաձգվում է, այն պարտադիր կկայանա հոկտեմբերի 7-ին, նույն վայրում։ Սիրով եւ անհամբերությամբ կսպասեմ մեր հանդիպմանը։ Եվս մեկ անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը»:
Թե կոնկրետ ինչն է ստիպել Հարութ Բալյանին վերադառնալ ԱՄՆ, հայտնի չէ, իսկ նրա մտերիմները հրաժարվում են այդ թեմայով որեւէ մեկնաբանություն տալ:

 

 

ԱՐՅԱՆ  ՀԵՏՔԵՐՈՎ
Heritage Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի արյան հետքերը կրող վերնաշապիկը: Գնորդն այն ձեռք է բերել 42.500 դոլարով: The New York Daily News-ի փոխանցմամբ` վերնաշապիկը պատկանել է Ջեյ Հասթինգսին: Նա այն մարդն է, որը 1980թ. դեկտեմբերի 8-ին շտապել է օգնել մահացու հրազենային վնասվածքներ ստացած երգչին: Հասթինգսը վազել է վիրավոր Լենոնի մոտ ու փորձել է մինչեւ շտապ օգնության ժամանումը կապել նրա արնահոսող վերքերը:
Թե ով է վերնաշապիկի գնորդը, չի տեղեկացվում:
Հիշեցնենք, որ երգչին սպանել է Մարկ Դեւիդ Չեփմենը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 

 

ՔԻԴՄԱՆԸ   «ԾԵՐԱՑԵԼ Է»
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանը նոր ֆիլմում նկարահանվելու նպատակով «ծերացել է»` դիմելով կտրուկ կերպարանափոխության: Նրա նոր կերպարն աչքի է ընկնում կիսաճերմակ մազերով եւ խորշոմներով: The Daily Mail-ի փոխանցմամբ` 49-ամյա Քիդմանը նկարահանվում է Top Of The Lake քրեական թրիլլերում: Թե կոնկրետ ինչ դեր է ավստրալուհուն վստաված, չի նշվում:
Հայտնի է միայն, որ ֆիլմը պատմում է առեղծվածային պայմաններում անհետացած 12-ամյա աղջկա մասին:




Լրահոս