Հարց քաղաքացիներից` եթե քաղաքացին հաշվառվել է 2015թ-ին, երբ է ստանալու իր ավանդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ ավանդ իմ անունով: 2015 թվականից որպես ավանդատու հաշվառվել եմ մեր տարածքային սոցիալական բաժնում: Իմ հերթական համարը 12.510-ն է: Խնդրում եմ ասեք՝ ես ե՞րբ եմ ստանալու իմ գումարը:

Առաքելյան Գալյա (Բաղրամյան 1 փակուղի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գալյա Առաքելյանը կարգով սահմանված նորմերին համապատասխան՝ որպես դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, 2015 թվականի հուլիսին հաշվառվել է ավանդների փոխհատուցման ծրագրում (սոցիալական աջակցության կենտրոնի տարածքային բաժնում) եւ տարեցների ընդհանուր ցուցակում ձեռք բերել 12.510 հերթական համարը: Իր հերթական համարին համապատասխան՝ 2016 թվականի նոյեմբերի վճարման ցուցակներով Գ. Առաքելյանը ստացել է փոխհատուցման գումար՝ 4061 խորհրդային ռուբլու դիմաց 160625 ՀՀ դրամ:
Տեղեկացնում եմ, որ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:
2016 թվականի դեկտեմբերի վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչեւ 13.184 հերթական համարն ունեցող տարեցները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե ավանդատուի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Ավանդատուների հաշվառման, ինչպես նաեւ փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ՝ տարածքային մարմին):




Լրահոս