ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվի բանտից զանգել է հարազատներին և հրաժեշտ տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգել է Կրասնոդարում ապրող քրոջն ու խնդրել քննության մասին նամակ գրել Ադրբեջանի դատախազություն, փոխանցում է Rusarminfo-ն:

«Եղբայրս հայտնեց, որ գործի քննությունն ու այն, որ նա գտնվում է Բաքվի բանտում, պարզապես սպանում են իրեն: Նա նաև ասաց, որ քննիչը չի հանգստանա, մինչև իրենից հանցագործ չսարքի»,-գործակալության հետ զրույցում ասել է նրա քույրը՝ Մարիաննա Միրզոյանը:

Մարատի քույրը պատմել է նաև, որ Մարատը հայտնել  է ստամոքսի խոցի սրացման և առողջական վիճակի վատացման  մասին: Բացի այդ, չնայած այն բանին, որ Մարատն իրավունք ունի զանգել հարազատներին ամեն շաբաթ, նրան թույլ են տվել զանգել 4 անգամ 8 ամսվա ընթացքում:

«Մարատը ինձ հրաժեշտ տվեց ընդմիշտ: Ասաց, որ իրեն այլևս ծանրոց չուղարկեմ և չգրեմ, և որ նա ևս չի զանգելու: Նա ասաց, որ ես այլևս եղբայր չունեմ, իսկ ծնողներս այլևս որդի չունեն: Մարատը լաց եղավ և անջատեց հեռախոսը»,-ասել է նրա քույրը:

Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել էր 2016թ. հունիսի 9-ին Բաքվում: Մարատի քույրը հայտնել էր, որ եղբորը ձերբակալել են հայկական ծագման համար: Ավելի ուշ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ Մարատը մեղադրվում է թրմանյութերի անօրինական պահպանման և տարածման մեջ:




Լրահոս