ԱԱԾ քննիչները գնացել են կալանավայր. Ալրաղացի Լյովիկի գործն ու հարցաքննվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանում դատարանը բավարարել է Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը այս ընթացքում Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը քննարկելու շրջանակում: Այս մասին հայտնել էր Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանը հայտնել էր նաեւ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով, օպերատիվ կերպով ուղարկել է հետախուզման մեջ գտվող, Ռուսաստանում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:
Պարզ չէ, սակայն, արդյոք Ռուսաստանը կարտահանձի նախկին ՀՀԿ-ական պատգամավորին, թե նա էլ կարժանանա մյուս պաշտոնյաների ճակատագրին: Բանն այն է, որ Ռուսաստանը արդեն իսկմերժել է Հայաստանին արտահանձնել հետախուզման մեջ գտնվող, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին` պնդելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է: Մերժվել է նաեւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնումը, այս անգամ էլ Ռուսաստանը հղում է արել «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիային:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին այս քրեական գործով մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանի մյուս մտերիմների նման Ալրաղացի Լյովիկին չեն տա ՀՀ իրավապահներին: Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում:

Ո՞ւմ հարցաքննեցին

Այսպիսով, ԱԱԾ-Ն 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք»ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի եւ ՆորՆորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր,այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատեւ` մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկման:

Վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձեւավորված եւ ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:Ավազակային հարձակումից հետոԼեւոն Սարգսյանը գողոնիցընտրել եւ վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լեւոն Սարգսյանին պատկանող առանձնատանը եւ բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ եւ այլ զենքեր:

Իսկ կոնկրետ ինչի՞ հիման վրա է ԱԱԾ-ն կարողացել ապացուցել, որ հենց Ալրաղացի Լյովիկն է այն պատվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող«Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով: Այս հարցաքննությունից հետո ԱԱԾ է բերվել եւ հարցաքննվել է Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, որը եւս սույն քրեական գործով դատապարտվածներից է: Ավելի ուշ ԱԱԾ-ն հարցաքննել է գործով ազատազրկման մեջ գտնվող մյուս մեղադրյալներին` Արսեն Սողոմոնյանին, Բագրատ Սողոմոնյանին, Հայկ Մելքոնյանին, Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին, Սուրեն Մելքոնյանին, Նիկոլայ Խաչիկյանին,Աշոտ Խաչատրյանին: Իսկ ի՞նչ ցուցմունք են տվել նրանք ԱԱԾ քննիչներին: Մեզ հասած տեղեկություններով` վերջիններս գրել են, որ կազմակերպիչը եղել է Լեւոն Սարգսյանը: Ասել է թե` 11 տարի անց գործով մեղադրյալները հայտնել են պատվիրատուի անունը:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. ԱԱԾ-ն հայտնել էր, որ հարձակումը դյուրին դարձնելու եւ ցանկալի արդյունքի հասնելու համար Լեւոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած եւ վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Սուրեն Ղազարյանի միջոցով ձեռք է բերել եւ խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Եվ, ահա, Սուրեն Ղազարյանը, որին էլ ԱԱԾ-ն ձերբակալել է հանցագործությունը օժանդակելու համար, Ալրաղացի Լյովիկի փեսան է:

Փեսայի հարցաննության հետքերով

Այսպիսով, երբ ԱԱԾ է հրավիրվել Լեւոն Սարգսյանի փեսան` Սուրեն Ղազարյանը,ԱԱԾ քննիչը սույն գործով մեղադրյալների ցուցմունքը ներկայացրել է նրան, իսկ, ահա, վերջինս հերքել է իր առնչությունը եւ հայտարարել, որ իր մեղքը չի ընդունում ու որեւէ օժանդակության հետ կապ չունի:

Վաղեմության խնդիր չկա՞

Նկատենք, որ մինչ բոլորն անհամբեր սպասում են Լեւոն Սարգսյանի արտահանձմանը, այս իրավիճակում առաջ է քաշվել մեկ հարց՝ արդյոք սույն քրեական գործով չի՞ անցել վաղեմության ժամկետ: Սակայն իրավապահների մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, ո րխոսքը առանձնապես ծանր հանցագործության մասին է, որով վաղեմության ժամկետը լրանում է 15 տարի անց, իսկ այս դեպքով անցել է 11 տարի:

Քնար Մանուկյան




Լրահոս