ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությունն առաջին հերթին վարչապետին է վստահում. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Դե մենք էլ տեսնում ենք՝ վարչապետը ինչպես է աշխատում, եւ դա անզեն աչքով է տեսանելի, որը իշխանության բարձր մակարդակի գործոններից մեկն է»,- նշեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, Դուք այն կարծիքին եք, որ իշխանության վարկանիշը շարունակո՞ւմ է բարձր մնալ:

-Այո, ես այդ կարծիքին եմ, որ մեր՝ իշխանության վարկանիշը բարձր է:

-Նույնիսկ հիմա, երբ վերջերս խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումից մեծ թվով վարակվածներ կան: Կարծիք կա, որ իշխանությունը ձախողեց, նախարարը ձախողեց, եւ չկարողացան այնպես անել, որ ՀՀ-ում նման թվերի չհասնի վարակվածների թիվը:

-Մենք սխալ գնահատականներ ենք տալիս: Մենք երբեմն մեզ համեմատում ենք հարեւան Վրաստանի կամ  նույնիսկ Ադրբեջանի հետ, բայց պետք է նախնական տվյալներ ունենաս, որպեսզի այդ գնահատականը տաս՝ սխալ էր, թե ճիշտ էր: Կարելի է էսպիսի օրինակ բերել. Հայաստանի  քաղաքացին հնարավորություն ուներ 3 հոգուց վարակվելու՝ հաշվի առնելով մեր ազգի սփռվածության եւ, մյուս կողմից էլ, փոխկապակցվածության աստիճանը: Իսկ Վրաստանում դա հակառակն է: Եթե այս ամենը հաշվի ենք առնում, եւ մեր տվյալները նայում ենք, որ աշխարի մակարդակով միջինից բարձր չէ, ապա ես կարծում եմ, որ կառավարությունն ու պարետատունը հաջողել է: Հիմա, իհարկե,  այս ազատությունը, որ տրվեց, սահմանափակումները թուլացան, մենք պետք է  ուղղակի յուրաքնաչյուրս զգանք մեր պատասխանատվությունը եւ թույլ չտանք, որ էնպիսի թվեր լինեն, որ  առողջապահական համակարգը չկարողանա սպասարկի եւ բուժի հավանական հիվանդներին: Ես չեմ կարծում, որ սարսափելի է եղել:

-Պարո՛ն Աղազարյան, նաեւ շատ քննարկվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսը, երբ պարոն Փաշինյանը 100 փաստ ներկայացրեց, որոնցից ամենաշահարկվածն ու քննադատվածը բենզինի գների իջեցումն էր: Նշվում է, որ  կառավարությունը դրա համար  որեւէ բան չի արել: Այս առումով արդյոք վարկանիշի անկում չնկատեցի՞ք, քանի որ այս ասուլիսն ամենաքննադատվածն էր:

-Նույն զինվորականության շրջանում, երբ զինվորները բավականին բարձր մակարդակի սնունդ են ստանում, կառավարությունն էդտեղ առանձնապես ոչինչ չի արել (Ես սա ասում եմ փոխաբերական իմաստով): Կառավարությունը չի գողանում, չի թալանում: Ես գտնում եմ, որ  կառավարությունը, վարչապետը չի թալանում, դրա համար էլ բանակում այս վիճակն է: Կամ կառավարությունը չի թալանում, այլ հավասար պայմաններում բենզինի գինն իջնում է: Բենզինի գինն իջնում է երկու պատճառով՝ մեկը՝ շուկայի ազատականության եւ լավ վերահսկողության պատճառով, մյուսն էլ՝ նավթի գների անկման պատճառով: Բայց նախկինում էլ են եղել ժամանակահատվածներ, որ նավթի գները շատ դանդաղորեն՝ մի երկու դրամ իջել կամ չի իջել: Հիմա էական է իջել, եւ մենք չենք ուզում սա նկատել:

-Կնշե՞ք մի քանի բան, որը Ձեզ թույլ է տալիս կարծել, որ իշխանության վարկանիշը բարձր է:

-Ժողովրդի հետ շփումների առիթով, որովհետեւ լինում են առիթներ, երբ դիմացինը քննադատում է ՀՀ կառավարության այս կամ այն անդամին, բայց խոսակցության տրամաբանական արդյունքը տանում է այնտեղ, որ ինքը քննադատում է, բայց, միեւնույնն է, վստահում է:

-Վարչապետի՞ն է վստահում, թե՞ իշխանությանը:

-Առաջին հերթին վարչապետին է վստահում: Դե մենք էլ տեսնում ենք՝ վարչապետն ինչպես է աշխատում, եւ դա անզեն աչքով է տեսանելի, որը իշխանության բարձր մակարդակի գործոններից մեկն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԲԱՑՎՈՒՄ

Մայիսի 18-ից թույլատրվում է Հայաստանում մարզասրահների գործունեությունը: Նման որոշում պարետը կայացրել էր դեռ մայիսի 14-ին: Սակայն ինչպես մյուս դեպքերում, այս անգամ եւս մարզասրահների գործունեությունը որոշակի կանոններ է ենթադրում: Սակայն նկատենք, որ ոչ բոլոր մարզասրահներն են այսօր վերաբացվում, քանի որ շատերը դժվարությունների են հանդիպել նոր կանոններով աշխատելիս:

Եվ չնայած այսօրվանից թույլատրվում է նրանց գործունեությունը, սակայն, ինչպես նշեցինք, կան մարզասրահներ, որոնք չեն շտապում վերաբացվել: Օրինակ՝ Gold՚s Gym ֆիթնես ակումբն այսօր հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հաճախորդներ, հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը եւ պարետատան կողմից հաստատված ցուցումները՝ ակումբի վերաբացումը հետաձգվում է, քանի որ կառավարության կողմից նշված պայմաններով հնարավոր չէ ապահովել հաճախորդների հարմարավետ մարզումները»:

Reebok Sports Club Armenia-ն իր հերթին նմանատիպ հայտարարություն է տարածել՝ ասելով, թե այդպիսի պայմաններում իրենք չեն կարող սրահի վերաբացումը կատարել:

Իր հերթին նմանատիպ հայտարարություն է տարածել նաեւ «Մուլտի վելնես» կենտրոնը: «Հարգելի՛ հաճախորդներ, Multi Wellness centre-ը, կարեւորելով հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը, որոշել է հետաձգել ակումբի վերաբացումը՝ Հայաստանի Հանրապետություն-ում տիրող համաճարակային իրավիճակից ելնելով:  Տեղեկացնում ենք նաեւ, որ բոլոր աբոնեմենտները մնում են սառեցված (ակումբի հաշվին): Եղե՛ք առողջ եւ զգոն»:

Հավելենք, որ միայն այս երեք կենտրոնները չեն, որ հետաձգել են իրենց վերաբացումը: Նմանատիպ հայտարարություններ տարածել են նաեւ այլ կենտրոններ, սակայն մի քանիսն էլ արդեն աշխատում են եւ հայտարարել են այդ մասին: ArmLur.am-ի հետ զրույցում սպորտային ակումբերից հայտնեցին, թե վերաբացման հետ կապված լրացուցիչ որոշում չունեն, եւ նշեցին, թե նման որոշման պատճառը սահմանված կանոններն են, որոնցով պետք է կազմակերպվի հետագա աշխատանքը:

Հավելենք, որ պարետի որոշման մեջ նշվում է, որ հաճախորդները մարզասրահում պետք է խուսափեն մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն:

Հնարավորինս սահմանափակվում են մարզումների տեւողությունը եւ մարզվողների միջեւ սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով:

Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաեւ մարզվելուց առաջ եւ հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:

Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների կուտակումները: Հնարավորության դեպքում ոչ խմբային սպորտաձեւերի պարագայում սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ: Սպորտային օբյեկտում հնարավորության դեպքում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձեւերի եւ առանձին այցելուների համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԵՌԱՎԱՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ինքնամեկուսացած մնալ: Նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարը հեռավար կերպով է աշխատում, եւ աշխատանքի վերադառնալը կախված կլինի հետագա ցուցումներից: Նա նշեց, որ նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, իսկ այն աշխատակիցները, որոնք կոնտակտավոր են եղել, մեկուսացված են: Սակայն մամուլի խոսնակը որեւէ թիվ նշելուց ձեռնպահ մնաց:

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի ինքնամեկուսացված լինելու մասին պարզ դարձավ մայիսի 14-ին՝ կառավարության նիստի ժամանակ, երբ նրա փոխարեն հարցը զեկուցեց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ հայտնեց այդ մասին: Միեւնույն ժամանակ ինքնամեկուսացած է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, քանի որ այս նախարարությունում եւս կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր: Նախարարը հայտնել էր, թե նվազեցրել է շփումները՝ հասցնելով այն զրոյի:

 

ՉԻ ԿԱՅԱՆԱ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 23-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայանալու: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ որոշվել է հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսը՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Մեր զրուցակիցը նշեց, որ հնարավորության դեպքում իրենք պատրաստ են կազմակերպել նիստը, բայց այս պահին որեւէ բան չեն կարող հստակ ասել, կսպասեն այնքան, մինչեւ հնարավորություն կտրվի այն իրականացնել:

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 23-ին տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ըստ մեր տեղեկությունների` հիմնադրամը շատ լուրջ պատրաստվում էր այս ընթացքում, քանի որ որոշում կա այն անցկացնել բաց եւ իրականացնել Բաղրամյան 26-ում: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ օրակարգային է հոգաբարձուների անդամների փոփոխությունների հարցը, քանի որ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը եւ Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արդակի Ղուկասյանը հոգաբարձուների խորհրդի փոխնախագահներն են: Մեր տեղեկություններով՝ նպատակ կա նաեւ հիմնադրամում ներգրավել Սփյուռքի շատ ներկայացուցիչների:

 




Լրահոս