ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության
աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում՝
պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների
պահպանումը դիտարկվել է 27 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։
Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։
Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության
միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման
մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը,
օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին
արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով՝
մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել արդեն 823 տնտեսվարողի
նկատմամբ։