ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք քաղաքային իշխանությանը՝ ներկայացնելով Երեւանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետերի ունեցվածքը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում առկա տվյալների համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ունի 6 ավտոկայանատեղի: Ավտոկայանատեղիներից 4-ը Մարությանը ձեռք է բերել 2006, 2009, 2012 և 2015 թվականներին՝ Չեխիայում: Ավտոկայանատեղիներից 2-ն էլ, համապատասխանաբար ձեռքբերված 2009թ. և 2014թ., գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Հայկ Մարությանը Չեխիայում ունի 2 հողամաս, հայտարարագրել է 13 այլ անշարժ գույք: 2011 թվականին գնված NISSAN մակնիշի ավտոմեքենան Մարությանը 2019թ.-ին վաճառել է` ստանալով 1,000,000 դրամ:
Մարությանի բանկային հաշիվների մնացորդները՝ բացառությամբ ավանդների, տարեսկզբին կազմել են 3,085 ԱՄՆ դոլար, 4,274,000 դրամ, 860,000 չեխական կրոնա և 312 եվրո, տարեվերջին՝ 5,867 դոլար, 18,165,000 դրամ, 1,501,975 չեխական կրոնա, 312 եվրո: Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 5,226,000 դրամ, 186,915 դոլար, 9,688 եվրո և 74,000 չեխական կրոնա, տարեվերջին՝ 4,000,000 դրամ, 180,000 դոլար, 9,500 եվրո, 74,000 չեխական կրոնա: Հեղինակային իրավունքներից ստացած գումարը կազմել է 15,503,000 դրամ: Մարությանի մասնակցությունը առևտրային կազմակերպություններում՝ փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր, մասնավորապես` «Հայկո ընդ Մկո կարգին» ՍՊԸ-ում կազմում է 50 տոկոս, «Կարգին Ստուդիայում»՝ 15 տոկոս, «Կարգին Թի ՎԻ»-ում՝ 100 տոկոս:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ունի համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում եւ հայտարարագրի համաձայն, ավտոմեքենա չունի: Փոխքաղաքապետը նաեւ բանկային հաշիվներում դրամական միջոցներ չունի հայտարարագրած, իսկ կանխիկ գումարները կազմում են 600 հազար դրամ եւ 4500 դոլար: Մեկ տարվա ընթացքում փոխքաղաքապետը 6 մլն 963 հազար դրամ է վաստակել որպես աշխատավարձ եւ բանկից էլ վերցրել է 2129 դոլար:
Հայկ Մարությանի տեղակալ Հայկ Սարգսյանն ունի երկու բնակարան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ 2005 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա: Փոխքաղաքապետը որպես դրամական միջոց հայտարարագրել է միայն 200 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում ստացել է 6 մլն դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն, 1 մլն դրամից ավել գումար բանկերից եւ 800 հազար դրամ նվիրատվություն Գոռ Գևորգյանից:
Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Փոխքաղաքապետը բանկային հաշիվների վրա ունի 13 հազար դրամ, ունի նաև գումար էլեկտրոնային հաշիվներում, իսկ որպես կանխիկ գումար, հայտարարագրել է 13 մլն 500 հազար դրամ եւ 17 հազար դոլար: Սերգեյ Հարությունյանը մեկ տարվա ընթացքում որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 6 մլն 667 հազար դրամ, ինչպես նաեւ գումար է վերցրել բանկերից:
Իսկ ահա Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ 2006 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Փոխքաղաքապետն ուինի 6 մլն դրամ բանկային հաշիվների վրա եւ 2 մլն դրամ՝ կանխիկ: Բացի այդ, Տիգրան Վիրաբյանը ստացել է 6 մլն դրամ աշխատավարձ, 354 հազար դրամ Գյումրու Աճեմյանի անվան պետական թատրոնից եւ 58 հազար դրամ էլ որպես փոխառություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան