«ԱՐԴԵՆ ԵՐԵՔ ՏԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ». ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչքանով է Հայոց եկեղեցու պատմություն առարկան նպատակահարմար դպրոցներերում շարունակել դասավանդել: Ես չգիտեմ, թե դա ինչքանով է նպաստում երեխայի դաստիարակությանը: Կարծում եմ, որ մենք, բուն քրիստոնեությունն առաջին ընդունած ազգը լինելով հանդերձ, մոռացել ենք Քրիստոսին, իսկ առանց նրա ոչինչ գոյություն չունի:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը` անդրադառնալով բուռն քննարկման առարկա դարձած Հայոց  եկեղեցու պատմություն առարկային եւ այլ հարցերին:

 

«Մենք ավանդական ժողովուրդ ենք, մենք կարող ենք մեր պապերից, հայրերից վերցնել լավը եւ վատը  թողնել մի կողմ: Ես մի մտահագություն ունեմ, թե ինչ ենք մենք մատուցում կամ մատուցելու մեր մատաղ սերունդին, իսկ մատաղ սերունդն ունի ճիշտ բաների կարիք, այլ ոչ թե ճնշել երեխային, պատմել, թե այս ինչ դարում այս ինչ անձը կատարել է այս ինչ սխրագործությունը, մինչդեռ կարելի է անցնել հպանցիկ: Ես կարծում եմ, որ Հայոց պատմություն առարկան դպրոցում երեխաները պետք է անցնեն առանձին գրքով, եւ այդ առարկաները չմիավորեն: Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել եւ չեմ պատրաստվում լինել, բայց ես կանգնած եմ ցանկացած բարի ցանկության կողքին՝ վանելով չարին: Ոչ մի բան մարդուն չի խանգարում լինել բարի: Մարդ պետք է իր գործում լինի շիտակ, բարի, ներողամիտ, որպեսզի հաջողի այն: Եվ ես չեմ հասկանում, թե ինչ դժվար բան կա բարի լինելու մեջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Գուժ Մանուկյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ այս ժամանակահատվածում իրեն շատ է մտահոգում այն ատելության մթնոլորտը, որը տիրում է երկրում. «Այսօր ես շատ մտահոգված եմ երկրում ատելության մթնոլորտի համար: Այնտեղ, որտեղ տիրում է ատելությունը, սիրո մասին խոսելը դառնում է ավելորդ, քանի որ ատելությունը եւ սերը գտնվում են հակադիր բեւեռներում, եւ որտե՞ղ է գրված, որ այդ երկուսը կարող են միասին քայլել»:

ՀՀ ժողովրդական արտիստը, մեզ հետ զրույցում խոսելով արվեստ, մշակույթի մասին, նկատում է, որ արդեն շուրջ երեք տարի է, ինչ երկրում մշակույթ հասկացությունը բացակայում է:

«Արդեն երեք տարի է՝ մեր երկրում մշակույթ հասկացողություն գոյություն չունի`  թատրոն, արվեստ կարծես թե թթու դրած լինեն ու բերանն էլ փակել: Մենք ունենք շատ վաստակաշատ մտավորականներ,  ովքեր արտահայտվելու իրավունք ունեն թե՛ փորձի, թե՛ իրենց տարիների վաստակով: Այսօր մեր երկրում  մշակույթ հասկացություն գոյություն չունի: Այսօր մշակույթում իրենց ներդրումն ունեցած շատ կարեւոր մարդիկ չեն կարողանում հացի խնդիր լուծել»,-նշում է նա:

Հարցին, թե վերջին շրջանում հանդիսատեսը էկրաններին չի տեսնում վաստակաշատ դերասանին, ով այդքան սպասված է նրանց կողմից, Գուժ  Մանուկյանը ընդգծում է. «Կորոնավիրուս համավարակով պայմանավորված՝ թատրոնը, արվեստը գտնվում են ճգնաժամում, եւ հիմա ոչ մի արվեստագետ չի երեւում: Ունեցել եմ հեռուստասերիալներում, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնք մերժել եմ՝ առողջական խնդիրներից ելնելով, բայց նաեւ եղել են առաջարկներ, որ թեմատիկ առումով չեն համապատասխանել ինձ, նույնիսկ Դրամատիկական թատրոնում կարողացել եմ հրաժարվել մի դերից, որն իմ ներքին աշխարհի հետ կապ չի ունեցել, եղել է արհեստական, իսկ արվեստի հիմքում ընկած է բնականությունը, եւ դա կապ չունի` դրական դեր ես խաղում, թե բացասական: Ես չեմ հասկանում, թե այս ինչ է այս աշխարհը դարձել. ամեն ինչ արհեստածին, արհեստական, իմիջայլոց է»:

Եվ մեզ հետ զրույցի վերջում Գուժ Մանուկայնը, անդրադառնալով կորոնավիրուս համավարակին, հավելում է, որ  համավարակի մասին այնքան տարակարծություններ կան, որ գրեթե ամեն ինչ անորոշ է թվում, չի հասկացվում է, թե ինչ է կատարվում, եւ ուր է տանում մեզ այս աղետը:

«Ես ի՞նչ  գիտեմ, թե սա ինչ խաղեր է, գաղափար չունեմ, միայն մի բան գիտեմ, որ պետք է զգուշանանք, նորմալ ձեւով հետեւենք բոլոր կանոններին:  Ես ինքս մեկուսացել եմ, աշխատում եմ կատարել բոլոր տեսակի անվտանգության կանոնները»,-եզրափակում է մեծ դերասանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ԷԼ ԳԻՏԵՔ ԻՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս դժվարին իրավիճակում խորհուրդ եմ տալիս գնահատակնները վերագնահատեն եւ իմանան, թե ինչն է ավելի կարեւոր մեր երկրի համար. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին եւ հակառակորդի սադրիչ գործողություններին:

 

Հարցին, թե արդյոք հնարավոր է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը նորից կրկնվի, Արթուր Գրիգորյանն ընդգծում է.

«Չեմ կարծում, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի դեպքերը նորից կկրկնվեն, բայց ամեն ինչի, հակառակորդի ամեն սադրիչ գործողության մեր բանակը պետք է պատրաստ լինի, իսկ բանակի մարտունակությունը գնահատում եմ նորմալ, թեեւ հիմա մի քիչ տխուր եմ,  քանի որ ուսանողներիցս մեկը վաղը գնում է բանակ, բայց նաեւ ուրախ եմ, որ գնում է  հայրենիքին ծառայելու»:

Արթուր Գրիգորյանի՝ հայրենիքի նկատմամբ մեծ սիրո եւ ավանդի մասին բոլորը գիտեն, թեեւ նա այն քչերից է, որ դրա մասին քիչ է  խոսում, սակայն շատ գործում:

«Դուք բոլորդ էլ գիտեք իմ վերաբերմունքը հայրենիքի, բանակի նկատմամբ, եւ գիտեք, որ դա սուտ չի, կեղծ չի, թեպետ ես քիչ եմ խոսում դրա մասին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Հայկական կողմից կորուստներ չկան:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը վաղ թե ուշ ստանձնելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը: «Վաղ թե ուշ Չավին գլխավորելու է «Բարսելոնան», սակայն այս պահին մենք մարզիչ չենք փնտրում, քանի որ ակումբը գլխավորում է Էնրիկե Սետիենը: Մենք բավականին դժվար մրցաշրջան ենք անցկացրել, սակայն հույս ունենք հաղթել Չեմպիոնների լիգայում»,- ասել է  Բարտոմեուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լարված հարաբերություններ ունեն Էնրիկե Սետիենի հետ եւ դիմել են 40-ամյա Չավիին, որպեսզի նա համաձայնի գլխավորել «Բարսելոնան»:

 

ԱԿՈՒՄԲԸ ԿՎՃԱՐԻ

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է գերմանական «Լայպցիգի» նախկին հարձակվող Տիմո Վերների բոլոր գոլերն 2019/20 մրցաշրջանում: Գերմանիայի ավարտված մրցաշրջանում Վերները մասնակցել է 34 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի  24-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Լոնդոնյան ակումբը Վերների համար կվճարի նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել խորվաթ պաշտպան Դեյան Լովրենին: 31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են ռուսական «Զենիթը» եւ Պրեմյեր լիգայի 2 ակումբ, որոնց անունները չեն հաղորդվում: Դեյան Լովրենի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Լովրենը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Իսպանական «Վալենսիայից» հեռացած արգենտինացի հարձակվող Էսեկիել Գարայը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Ռոմայում», տեղեկացնում է Superdeporte-ն: «Ռոման» բանակցություններ է սկսել արդեն ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Գարայի հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Ինտերը»: Էսեկիել Գարայը «Վալենսիայում» հանդես է եկել 2016 թվականից՝ ակումբի կազմում մասնակցելով 92 հանդիպման:

Ավելի վաղ Գարայը հանդես է եկել նաեւ «Զենիթում», «Բենֆիկայում», «Ռեալում»:

 




Լրահոս