Քաղաքապետարանը հողամաս կնվիրաբերի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող` Աբովյան պուրակին հարակից տարածքում 360.0 քմ մակերեսով եւ 14 մլն 40 հազար դրամ արժեք ունեցող հողամասը կնվիրաբերի Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն կառուցելու նպատակով:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2015 թ. պետությունը սկսել է իրականացնել «Հրանտ Մաթևոսյան մշակութային Կենտրոն-թանգարան» շինարարությունը: Մշակութային կենտրոնի (երկու վերգետնյա եւ մեկ ստորգետնյա հարկաբաժիններով) կառուցման աշխատանքներն ավարտվել են սահմանված կարգով եւ ժամկետում՝ որն ամրագրվել է շահագործման ընդունող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 17-ի ակտով՝ 474,586.612 հազար դրամ շինարարության ընդհանուր արժեքով: 355 քմ տարածքում մշակութային կենտրոն-թանգարանի կլոր շենքը կառուցվել է գլխատան (Հայաստանի լեռնային շրջանների բնակարանի հիմնական տիպ՝ գմբեթաձեւ ծածկով տուն) սկզբունքով:

Սկզբնական նախագծով կենտրոնը պետք է ունենար 3 հարկ, ինչպես նաեւ նկուղային հարկ: Այժմ ՀՀ կառավարությունը նախատեսում է կառուցել նաեւ երրորդ հարկը, որից հետո այն որպես մեկ միասնական կառույց տրամադրվելու է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին:

Կենտրոնի նկուղային հարկում նախատեսված է ունենալ դահլիճ՝ տարբեր միջոցառումների համար, այդ թվում՝ ներկայացումների, ֆիլմերի ցուցադրությունների եւ այլն: Առաջին հարկում լինելու է հիմնական ցուցադրության սրահը: Երկրորդ հարկի կեսը նույնպես լինելու է որպես ցուցասրահ:

Ս.Հ.




Լրահոս