«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած նիստը շատ բուռն է անցել: Անգամ կարծիքներ են հնչել, թե այսպիսի բաց, թափանցիկ եւ թեժ քննարկումներով նիստ երբեւէ տեղի չէր ունեցել: Բանն այն է, որ նիստի ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, անգամ բանավեճի են բռնվել իրենց գործընկերների հետ: Ինչպես հայտնի է, երեկ պատգամավորները քննարկել են, թե ինչպես են քվեարկելու ՍԴ երեք թեկնածուներ Վահրամ Ավետիսյանի, Երվանդ Խունդկարյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը:
Նշենք, որ խմբակցության նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ գրեթե բոլոր պատգամավորները ելույթներ են ունեցել ու, բացի այս թեմայից, առհասարակ դժգոհել են կառավարության մոտեցումից, որոնք մտածում են, թե ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Եվ, ահա, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի քվեարկությունը թողնել ազատ: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորների մի մասն ավելի շատ դեմ է կառավարության եւ նախագահի ներկայացրած թեկնածուներ Ավետիսյանին եւ Վաղարշյանին, իսկ Խունդկարյանի շուրջ այնքան էլ բուռն քննարկումներ չեն եղել, եւ նրա դեմ տրամադրվածությունն այդքան վատ չէ: Նկատենք, որ այդքան թեժ նիստի արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։