ԲԱՔՈՒՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է հարցազրույց՝ Մեխելեն քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, փաստաբան Մարկ Հենդրիքսի հետ։

-Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 27-ին պատերազմական լայնածավալ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ: Ադրբեջանը միանգամից փակել է ընդդիմադիր լրատվականներն ու դադարեցրել սոցցանցերի աշխատանքը։ Ինչպե՞ս եք գնահատում խոսքի ազատության նմանօրինակ սահմանափակումը, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն նման քայլերի դիմել։

-Բաքուն չի սիրում գործել բաց եւ լիարժեք թափանցիկ, նրանց զինվորները գործում են անմարդկային եւ պատերազմի բոլոր կանոններին հակառակ: Իհարկե, նշվածը նաեւ խոսքի ազատության անընդունելի սահմանափակում է, բայց նրանց դա չի հետաքրքրում:

-Ադրբեջանական ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանը եւ կիրառում են անթույլատրելի զինատեսակներ, մինչդեռ միջազգային կառույցները հիմնականում խաղաղության կոչեր են հնչեցնում եւ գործնական քայլեր չեն ձեռնարկում ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ինչպիսի՞ լուծում եք տեսնում Դուք, ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռում։

-Սեւ ամպեր են կուտակվում: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն այսքան հանգիստ, եւ ինչու չեն գործում եւ դատապարտում այս ագրեսիան: Միեւնույն ժամանակ, Թուրքիան նույնպես ներգրավված է: Դա շահավետ է Էրդողանին, եւ գործում է իբրեւ շանթարգել իր ներքաղաքական ձախողումների համար: Ինչ վերաբերում է քաղաքացիական թիրախներին, դա դեմ է ամեն կանոնի, եւ պետք է դատապարտվի, դրա դեմ պետք է պայքարել:

-Ադրբեջանի գործողությունների հետեւանքով տուժել են նաեւ լրագրողներ։ Հաշվի առնելով, որ լրագրողների մեքենաները եւ արտահագուստը ունեն տարբերանշաններ, ու շատ լավ երեւում է, որ տվյալ մարդիկ լրագրողներ են, ի՞նչ եք կարծում, արդյոք Ադրբեջանը միտումնավո՞ր է թիրախավորում նրանց։

-Անընդունելի է, որ լրագրողները չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը լիակատար անկախության եւ անվտանգության պայմաններում, եւ որ նրանք նույնպես դառնում են թիրախ: Միջազգային հումանիտար օրենքը լիովին արգելում է նմանօրինակ գործողությունները: Վախենամ՝ Ադրբեջանը գիտակցաբար է թիրախավորում լրագրողներին:

-Բազմաթիվ ապացույցներ կան, որ Թուրքիան իր ռազմուժով գտնվում է Ադրբեջանում, ի՞նչ եք կարծում, Թուրքիայի նման ներգրավվածությունն այս պատերազմում արդյոք վտանգ չէ՞ Եվրոպայի համար։

-Ինչպես արդեն նշեցի, սա Էրդողանի շեղող խուսանավումն է ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին նրա ագրեսիվ խոսքերն են: Էրդողանը շատ խնդիրներ ունի Թուրքիայի ներսում եւ ցանկանում է շեղել դրանցից ուշադրությունը: Չեմ կարծում, որ դա վտանգ է Եվրոպայի համար, բայց կարծում եմ, որ Եվրախորհրդարանը պետք է որոշակի աշխատանք տանի Թուրքիայի ուղղությամբ:

-Այն մարդիկ, որոնք այցելում են Արցախ, հայտնվում են Ադրբեջանի սեւ ցուցակում եւ զրկվում են Ադրբեջան մուտքի իրավունքից. ի՞նչ կարծիք ունեք նմանօրինակ սեւ ցուցակի գոյության մասին։

-Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակ»-ը, որում ես նույնպես կամ, ապացուցում է, որ նրանք չեն կարողանում քննադատություն ընդունել։ Ես ափսոսում եմ նման ցուցակի գոյության համար, բայց այնպես չէ, որ դրա պատճառով քունս չի տանում:

-Ձեր հարազատ Մեխելեն քաղաքում թռուցիկներ էին բաժանել, որոնցում աղավաղված էին 1914-1915 թվականների Հայոց ցեղաապանության փաստերը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքային իշխանությունների կողմից նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար։

-Իհարկե, դա բուռն զգացմունքների տեղիք տվեց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսում։ Ինքս բացահայտորեն դատապարտեցի այն տեղական մամուլում եւ տեղական հեռուստատեսությամբ, որին հետեւեց նաեւ քաղաքապետը (եւ, իրոք, դա այժմ տեղի քաղաքային խորհրդի կողմից ընդունված դիրքորոշում է): Մեր քաղաքի հայկական մեծ համայնքի շատ անդամներ աշխատում են մեզ հետ միասին այս հետաքննության շրջանակում։ Նրանց ղեկավարները շատ ակտիվ արձագանքում են, պահպանում են երիտասարդների հանգստությունը, ինչը հանդարտեցնում է թեժ քաղաքական մթնոլորտը:

 

 

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս Երեւանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար. այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: «Ռուսաստանի Դաշնության «Տուլչինկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարեւան երկիր ներմուծելու համար, ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:  Հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրարցումը կասեցվել է: Մեր քաղաքացիներին խնդրում ենք լինել ուշադիր եւ որեւէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 0120906090 հեռախոսահամարներով: ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաեւ «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկելու աշխատանքները շարունակվում են. հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: Մոսկվայից Երեւան մարդասիրական օգնության նոր խմբաքանակն ուղարկվել է նախօրեին:

50 տոննա կշռող մարդասիրական բեռները ներառում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության տարբեր իրեր: Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայերի ջանքերով։ Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է առաքվել հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն:

 

 

2413 ՆՈՐ ԴԵՊՔ

Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99563 դեպք, որոնցից 60135-ը` առողջացած, 1476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք: Ունենք 1324 առողջացած եւ 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է:

 

 

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԺ-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը աշխատակազմի միջոցով այս տարվա ընթացքում պարգեւատրումների եւ բազմաթիվ այլ հոդվածներից արդեն իսկ իրականացրել է 605.5 (վեց հարյուր հինգ ու կես) մլն դրամի խնայողություն եւ վերադարձրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման նպատակով: Ներկայումս նույնպես չի վճարվում որեւէ պարգեւատրում, եւ միջոցները տնտեսվում են. այս մասին հայտնել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

 

 

 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ 

Եվրահանձնաժողովը կազմել է հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են հարվածել Թուրքիայի զբոսաշրջային եւ տրանսպորտային հատվածներին. հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ Եվրոպական Միության առաջնորդները պետք է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշեն՝ Անկարայի դեմ արդյոք սահմանելու են պատժամիջոցներ։

ԵՄ-ն նախօրեին Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի հայտարարությունը դատապարտել էր որպես «խորը ափսոսանք հարուցող»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը «բարեխիղճ երկխոսության եւ միակողմանի գործողություններից զերծ մնալու» կոչ է արել՝ լիցքաթափելու համար արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը, որը խաթարում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները։




Լրահոս