Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում. «Հանրապետություն» կուսակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Գնահատելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր ամենակարևորը Հայաստանում ու Արցախում քաղաքացիական պատերազմից խուսափելն է և հասարակական համերաշխությունը:

Հիմա մեզ պետք է իրավիճակը հնարավորինս արագ ու անցավ շտկելու հնարավորություն ու ժամանակ: Հակասահմանադրական որևէ գործողություն Հայաստանում ու Արցախում անթույլատրելի է: Մենք դատապարտում ենք բռնությունը՝ ում նկատմամբ էլ դրսևորվի:

«Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայնագիրը վերաբերում է սոսկ հրադադարին, իսկ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ,և պետք է շարունակել դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու լուծման, որ հաշվի է առնում հայկական շահերը:

«Հանրապետություն» կուսակցությունը կիսում է այս պատերազմում հարազատներին կորցրածների ցավն ու կսկիծը: Մենք շատ զոհեր ենք ունեցել պատերազմի դաշտում, երկրի ներսում զոհեր ունենալը պետականությունը կքանդի։ Պետականությունը պահելու և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հարգելու միակ տարբերակը հույսն ու հավատն է, որ վերականգնելու ենք կորցրածը և առաջ գնանք»:




Լրահոս