Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար է մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել և քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործեր և նախապատրաստված նյութեր, որոնցով հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր թվով 4 հատ գնդացիրներ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, թվով 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ, վառոդաթելեր, 14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» և այլ տեսակի նռնակներ, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:
Վերոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական ու դատավարական այլ գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:
Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: