ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած արգելքին՝ ռեֆերատ ու թեզ են վաճառում. ինչ գներ են գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշատական հանձնաժողովի՝ 2020 թվականի  մարտի 21-ի նիստում օրենսդրական նախաձեռնություն ձեւավորվեց, ըստ որի՝ այսուհետ արգելվելու է կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը, և սահմանվելու են տուգանքներ, սակայն այժմ էլ սոցիալական ցանցերում եւ հայտարարությունների կայքերում կարող ենք հանդիպել նման երեւույթների: Ավելին,  նույն թվականի մայիսի 7-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած՝ «Գովազդի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նույն նպատակն էր հետապնդում:

Եվ չնայած նախագիծն ընդունվել է եւ պետք է կիրառվի, սակայն այժմ էլ սոցիալական ցանցերում հանդիպում ենք էջերի, որոնք առաջարկում են ռեֆերատներ, կուրսայիններ, թեզեր, անգամ ատենախոսություններ: Ավելին, այդ էջերում նշվում է, թե հնարավոր է կարճ ժամանակահատվածում ստանալ որակյալ աշխատանքներ՝ մատչելի գներով:

ArmLur.am-ը  հետաքրքրվեց եւ պարզեց, որ օրինակ Ատենախոսություն, Մագիստրոսական թեզ, Ավարտական աշխատանք ֆեյսբուքյան էջն առաջարկում է մագիստրոսական թեզ՝ 60 հազար դրամ արժողությամբ եւ խոստանում կատարել անհրաժեշտ ուղղումները, անգամ «սլայդներ» տրամադրել:  Բացի սոցիալական ցանցերից, նման բովանդակությամբ հայտարարությունների հանդիպում ենք նաեւ հայտարարությունների list.am կայքում: Օրինակ դրանցից մեկով առաջարկում են ռեֆերատներ, թեզեր և կուրսային աշխատանքներ մատչելի գներով՝ 1 էջի գինը սկսած 200 դրամից` կախված աշխատանքի բարդությունից: Իսկ մեկ այլ էջում էլ այսպիսի գնային քաղաքականություն է տիրում. Դիպլոմային աշխատանք- մինչև 25,000, կուրսային աշխատանք- մինչև 6,000, Մագիստրոսական թեզ- մինչև 45,000, Ռեֆերատներ, ստուգողական աշխատանքներ և այլն- 2,000ից սկսած:

Ստացվում է՝ օրենսդրական նախաձեռնությունն առկա է, պետք է պայքարել գովազդների, նաեւ այսպիսի ծառայություններ մատուցող ընկերությունների կամ անձանց դեմ, սակայն սոցիալական ցանցերում վերջիններս անարգել շարունակում են իրենց գործունեությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս