Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ:
«Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին` Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-ամյակի առթիվ:
Երկու դար առաջ հույն ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել ճակատագրական մարտահրավերներին, այլև իրականացնել իր երազանքը` վերականգնել պետականությունը: Հայաստանն առանձնահատուկ կարևորում է նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունները եղբայրական Հունաստանի հետ: Անցնող տարվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատեցին մեր երկու բարեկամ երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:
Համոզված եմ, որ գալիք տարիներին մեր երկրների միջև անկեղծ ու արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվի և կընդլայնվի:
Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին բարօրություն և երջանկություն», – նշված է Հայաստանի վարչապետի ուղերձում: