«ԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼ»-Ի ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  հայտնի է, 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ իրավապահների` Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք, ընդհանուր առմամբ, խոսքը 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։

 

Աղվան Հովսեփյանը 45 տարի շարունակ աշխատել է իրավապահ ոլորտում, զբաղեցրել բարձր պաշտոններ։ Նրան առաջադրված մեղադրանքներով նախատեսված է առավելագույնը 12 տարվա ազատազրկում։ Նախկին գլխավոր դատախազը մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանն ասաց՝ անազատության մեջ գտնվող 68-ամյա Հովսեփյանն առողջական խնդիրներ ունի. «Շաքարային դիաբետ` ծանր ձեւը, ինսուլինը կախյալ առումով, այս պահին կայուն է առողջական վիճակը»:

Նշենք, որ Հովսեփյանը կալանքը  կրում է Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»:

ՀՔԾ-ի կողմից Աղվան Հովսեփյանի կալանավորումից  հետո  իրավապահների  մրցավազքի  մեկնարկը  տրվեց,  եւ գործի  անցավ ԱԱԾ-ն:

Նույն ամսվա մեջ՝ սեպտեմբերի 30-ին, դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն:

Տոնոյանն ու Պատրոն Դավոն անցնում են ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ նա, ինչպես նաեւ ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են եւ այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին եւ ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, առանց անունների:

Ավելի  ուշ  կալանավորվեց ԶՈւ  գլխավոր  շտաբի  պետի  տեղակալ  գեներալ-լեյտենանտ  Ստեփան Գալստյանը, որը եւս գտնվում են Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում:

Ստացվում է՝ մեկ ամսվա մեջ կալանավորվում են 3 հայտնի նախկին  պաշտոնյաներ, որոնց  իրավապահները պահում են մեկ տանիքի տակ՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Ինչո՞վ կավարտվի իրավապհների այս  գրոհը.  հետեւենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 4 ԱՄԻՍ ԱՆՑ

Հայաստանի կառավարությունն արդեն  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերն է։  Ընկերության 15 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը, որը «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է։

 

Եվ այս ընկերությունը կառավարության որոշումից ընդամենը մեկ օր առաջ ձեռք է բերել կոմբինատի 60 տոկոսը, որից 25 տոկոսն էլ նույն օրը նվիրաբերել է կառավարությանը, եւ  այսպիսով կառավարությունը դարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 15-տոկոսանոց համասեփականատեր։ «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն կառավարության տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է գործարքին եւ կառավարությանը վստահելի գործընկեր է համարել։

«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, եւ սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը», – մասնավորապես նշել է նա։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել «Ֆորբս»-ի ցանկում հայտնված ռուս միլիարդատիրոջ ընկերությանը Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

Նկատենք, որ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահը ներկայումս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է, սակայն այս թեմայով նրա կողմից դեռ որեւէ պարզաբանում չի եղել: Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր  կոշտ արտահայտվել  կոմբինատի հասցեին՝ հայտարարելով, որ ընկերությունն անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել: Ես իրենց, ձեզ զգուշացրել էի մի քանի անգամ, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Հայտարարեք-չհայտարարեք, բողոքեք, ձեր հարցը լուծված է, ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,- հայտարարել էր Փաշինյանը:

Եվ, ահա, այս հայտարարությունիցդ չորս ամիս անց իրավիճակ փոխվեց, կառավարությունն էլ մասնաբաժին ստացավ ընկերությունում։

Ն.Հ.

 

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Ոոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության եւ հետաքննական բաժանմունքների ծառայողները պարզել են հոկտեմբերի 2-ին Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում իբրեւ ծեծի ենթարկված, նույն գյուղի բնակիչ 48-ամյա Կորյուն Ասատրյանին պատկանող ԹԸի 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան հրկիզելու հանգամանքները: Կ. Ասատրյանը խոստովանել է, որ իր կողմից կատարվել է հանցագործության  ձեւացում: Ոչ մի հարձակում նրա նկատմամբ չի եղել, ինքը, լինելով ոչ սթափ եւ ոչ ադեկվատ վիճակում, հրկիզել է իրեն պատկանող ավտոմեքենան, այնուհետեւ մերկացել, իսկ հետո արդեն ժամանած Երեւանի թիվ 13  ջոկատի փրկարարները  բժիշկերի հետ  նրան տեղում օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել էին վառվող ավտոմեքենա եւ սկսել  հրդեհաշիջման աշխատանքները:  Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել էին կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու: Հրշեջները  իրենց վրայից հանել էին հագուստները եւ  հագցրել այդ քաղաքացուն՝ արձակելով կապերը, այնուհետեւ օգնել էին օպերատիվորեն  ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանները պարզել էին, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ 48-ամյա Կորյուն Ասատրյանն էր, որն աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 1-ի հրամանագրով՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է նշանակվել։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-76-Ո-182 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուստամ Մախմուդյանին նշանակել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:




Լրահոս