Armlur.am-ին իրավապահ համակարգից հասած լուրերի համաձայն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործով չի բացառվում հարցաքննության հրավիրվի Աժ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է՝ Աննա Հակոբյանի եղբայրը։ Ըստ լուրերի՝ Տիգրան Ավինյանը, Հրաչյա Հակոբյանը զենքերի գնման այդ գործընթացից իբր տեղյակ են եղել։ Զրուցեցինք ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ,
որը վստահաբար հերքեց իր առնչությունը գործընթացին:
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր,որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ:
Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: Ի դեպ, Մուրադյանը չի ընդունում մեղադրանքը։
Սա դեռ ամենը չէ. Վերաքննիչը մերժել է նաեւ Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը: Ստացվում է` քրեական գործով հիմնական պաշտոնատար 4 անձինք առայժմ կմնան կալանքի տակ, ու բոլոր միջնորդություները՝ նրանց կալանքը փոփոխելու վերաբերյալ, մերժվելու են:
Ք.Մ