Ինչ սպասել այսօր Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել է, որ այսօր կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի եւ Ռուբեն Ռուբինյանի՝ Մոսկվայում կայանալիք առաջին հանդիպումը «կրելու է ճանաչողական բնույթ»։

«Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը: Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն եւ երկու երկրների միջեւ սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի»,- Արմենպրեսս լրատվական գործակալության հետ զրույցում նշել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Դրա հենց հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Դեկտեմբերի 15-ին էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ երկխոսության համար թուրքական կողմից հատուկ բանագնաց է նշանակվել փորձառու դիվանագետ, Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր նաև, որ շուտով Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ ավիաչվերթերը կվերսկսվեն։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից օրերս հայտնել էին, որ Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

Ն.Հ.




Լրահոս