ՖՈՏՈ. Ովքեր են «Դիմադրություն» շարժման քաղբանտարկյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ից Երեւանում մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները: Այդ ակցիաների ընթացքում ամենօրյա ռեժիմով հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվում, ձերբակալվում: Կան նաեւ մարդիկ, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել նաեւ կալանավորումը: Շարժման անդամներն իրենց կալանավորված ընկերների ազատ արձակումն է պահանջում՝ ասելով, թե օր օրի քաղբանտարկյալների թիվն ավելանում է:

Նախ նշենք, որ քաղաքական բանտարկյալ կամ քաղբանտարկյալն  անձ է, որը ձերբակալվել, ազատազրկվել կամ հոգեբուժարանում է հայտնվել գործող կառավարությանը քննադատելու, ընդդիմություն լինելու համար։

Արմեն Գրիգորյանի մասով ԱԱԾ-ն հետեւյալ պարզաբանումն է ներկայացրել. «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը: Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»:

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել եւ կալանավորվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ:

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել և ազատ էին արձակել։ Սակայն ավելի ուշ նա կալանավորվեց:

Իգոր Խաչատուրովը եւս կալանավորված է. «Ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապահից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյուքնում վերջինս կորցրել է գիտակցությունը։ Պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Տարոն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է մայիսի 8-ին Գյումրիում Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանության գործի շրջանակներում։

Նույն գործի շրջանակներում կալանավորված է նաեւ ՀՅԴ երիտթևի ղեկավար Գոռ Սարգսյանը:

2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:




Լրահոս