ՔՊ-ական պատգամավորը 72 հազար դոլարով բնակարան է գնել Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը սկսած 2019 թվականից մինչեւ 2021 թվականը, ներառյալ:

Այսպես, պատգամավորի 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ թվով 8 անշարժ գույքի համատեղ սեփականատեր է. թվով 5 հողամաս, 5-ն էլ գտնվում են Քուչակ գյուղում, դրանք ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ եւ հողին ամրակցված մեկ շինություն, որոնք եւս գտնվում են Քուչակում: Սրանք եւս ձեռք են բերվել 2005 եւ 2006 թվականներին:

Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ ՔՊ-ական պատգամավորն ունի երկու ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության UAZ մեքենա, որը պատգամավորին նվիրել են 2016 թվականին: Գուցե նա այն գնել է, բայց հայտարարագրում ձեւակերպված է որպես նվիրատվություն: Իսկ 2013 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան Ասատրյանը գնել է 2016 թվականին: Նույն տարում՝ 2019 թվականին Ասատրյանը 1 մլն դրամով վաճառել է 1985 թվականի արտադրության Kamaz բեռնատարը:

ArmLur.am-ը ուսումնասիրելով 2019 թվականի տարեկան հայտարարագիրը պարզեց, որ նրա բանկային հաշվին տարեսկզբին առկա է եղել 1 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 8 մլն 918 հազար դրամ: Այն, ի դեպ, գոյացել է իր աշխատավարձից՝ Ազգային ժողովից ստացած: Նույն տարում Ասատրյանի կանխիկ դրամի չափն էլ է աճել. տարեսկզբին ՔՊ-ական պատգամավորն ունեցել է 100 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 5 մլն դրամ:

2020 թվականի տարեկան հայտարարագրում Ասատրյանի անշարժ գույքի քանակը պահպանվել է՝ 8-ն է: Ավտոմեքենաները երկուսն են՝ 2016 թվականին ձեռք բերված Toyota-ն եւ UAZ-ը: Բանկային հաշվին 2020 թվականի սկզվին առկա է եղել 227 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 258 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը 1 մլն դրամից դարձել է 1 մլն 500 հազար դրամ: ՔՊ-ական պատգամավորի խորհրդարանից ստացած աշխատավարձը կազմել է 7 մլն 789 հազար դրամ, այսինքն՝ ամսական 649 հազար դրամ: Նա նաեւ ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 389 հազար դրամի չափով փոխառություն, վարկ:

Պարզվում է՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ՔՊ-ական պատգամավորի կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել, նա բնակարանատեր է դարձել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա սեպտեմբերին 30 մլն 399 հազար դրամով կամ 72 հազար դոլարով բնակարան է գնել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Գործարքի մյուս կողմը «Նորիկ-70» ընկերությունն է:

Բանկային հաշվին 2021 թվականի սկզբին առկա է եղել 258 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 614 հազար դրամ: Իսկ կանխիկ դրամը 1.5 մլն դրամից դարձել է 700 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորը բանկերից մեկից նախորդ տարի 27 մլն 350 հազար դրամ փոխառություն, վարկ է ստացել, իսկ 7 մլն 244 հազար դրամ էլ աշխատավարձն է կազմել: Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորը բնակարանը գնել է վարկով:

Պատգամավորի կինը՝ Կարինե Գեւորգյանը, ոչինչ չունի, ոչ անշարժ եւ ոչ էլ շարժական գույք: Միայն, բանկային հաշվին 2021 թվականի սկզբին ունեցել է 92 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 153 հազար դրամ: Պատգամավորի կնոջ կանխիկ դրամը տարեսկզբին 500 հազար դրամից դարձել է 900 հազար դրամ: Նրա աշխատավարձը կազմել է 876 հազար դրամ, որը ստացել է Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից: Ի դեպ, Մաթեւոս Ասատրյանը մինչ պատգամավոր ընտրվելը, զբաղեցրել է այս մարզադպրոցի տնօրենի պաշտոնը:

Պատգամավորի հետ համատեղ բնակվող չափահաս անձի՝ Մնացական Ասատրյանի ներկայացրած 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ ունի UAZ, GAZ մակնիշի ավտոմեքենաներ: Բացի այս, նա 2020 թվականի հոկտեմբերին, 2 մլն դրամով գնել է 2009 թվականի արտադրության BMW ավտոմեքենա: Մեզ հայտնի դարձավ, որ Մնացական Ասատրյանի կանխիկ դրամը 2020 թվականի սկզբին կազմել է 20 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 19 մլն դրամ: Թե որտեղից Ասատրյանին 20 մլն դրամ, հայտարարագրում նշված չէ: Հուսանք՝ Ասատրյանները մի օր հանրությանը կպարզաբանեն 20 մլն դրամի առաջացումը: Բացի այս, նա բանկերից մեկից ստացել է 1 մլն դրամի չափով փոխառություն:

Ս.Հ.




Լրահոս