«ՍԻՐՏԸ ՑԱՎՈՒՄ Է «ԳՐԱՆՏԻ» ՇՆՈՐՀԻՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Գեւորգ Ալթունյանը  Facebook-ի իր էջում գրել է, որ կարելի է ենթադրել, թե Արթուր Սաքունցի ու Լեւոն Բարսեղյանի սիրտն իսկապես ցավում է մեր բանակի համար ոչ թե «գրանտերի» շնորհիվ, այլ որ իրենց հայ են համարում, հայ են էությամբ ու հայրենասեր են: Ալթունյանը նշել է, որ «Առաջին լրատվական»-ի նախորդ շաբաթօրյա նյութը որոշ հասարակական կազմակերպությունների մասին իրենց` Սաքունցի ու Բարսեղյանի պահով,  անտեղին կլինի, եւ ինքն ու Հ1-ը կընդունեն իրենց սխալը, եթե Արթուր Սաքունցն ու Լեւոն Բարսեղյանը հրապարակավ հայտարարեն երկու բան:
1. Որ որպես իրական հայեր ու հայրենասերներ, ում սիրտն իրապես ցավում է հայոց բանակի համար, իրենք դատապարտում են իրենց որոշ իրավապաշտպան գործընկերների, մասնավորապես Գեորգի Վանյանի եւ Միքայել Դանիելյանի` տարբեր ժամանակներում արված հայտարարությունները, հայերի կողմից Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն իրականացրած լինելու,  Հայաստանի` ագրեսոր լինելու եւ Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մասին:
2. Որ եթե Ադրբեջանի կողմից լինի ռազմական ագրեսիա, ու պատերազմը վերսկսվի, իրենք նույնպես` որպես իրական հայրենասերներ ու առողջ տղամարդիկ, պատրաստ են զենք վերցնել ու լծվել մեր հայրենիքի պաշտպանությանը մեզ հետ միասին (այնպես, ինչպես մի քանի անգամ արդեն հայտարարել է ՀԱԿ-ը` ի պատիվ իրեն):
Հիշեցնենք, որ Հ1-ն անդրադարձել էր բանակում մահերի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող իրավապաշտպան կազմակերպությունների ֆինանսական աղբյուրներին` նշելով, որ հովանավորվելով արտերկրից` այդ ՀԿ-ները կատարում են օտարների պատվերը: Ի պատասխան` իրավապաշտպանները նշել էին, թե իրենց վճարած հարկերից աշխատավարձ ստացող Հանրային հեռուստատեսությունը եւ մասնավորապես Գեւորգ Ալթունյանն իրենց աշխատանքը մասնագիտորեն չեն իրականացնում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Վերջինս ասաց, որ եթե հարկ համարեն, կպատասխանեն Ալթունյանի հարցերին. «Միանշանակ է, որ ինքն ուզում է ինքնաարդարացման տարբերակներ գտնի` նման հարցադրումներ ներկայացնելով»:
Իսկ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ «Ժողովուրդ»-ին կես-կատակ, կես-լուրջ ասաց. «Ես շատ եմ ուզում, որ պարոն Սաքունցը վերջապես բանտարկվի, հերիք եղավ անհանգստացնի Գեւորգ Ալթունյանին եւ Վլադիմիր Գասպարյանին»: Վերջում հավելեց, որ հույս ունի՝ հայրենասիրությունը Գեւորգ Ալթունյանի վերջին հանգրվանը չէ:
Հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանի հետ չկարողացանք զրուցել, քանի որ հեռախոսն անհասանելի էր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս