Այսօր կայացել է բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ակցիայի ընթացքում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը հանդիպել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին:
Այս մասին հայտնել է Արտակ Բեգլարյանը:
«Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը իջավ բակ և հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հավաստիացրել է, որ Արցախի և մեր ակցիաների մասին բոլոր հիմնական տեղեկությունները իրենք փոխանցել և փոխանցելու են ՄԱԿ-ի կենտրոնակայան:
Մենք պնդել ենք, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները պետք է իրենց պարտավորությունները պատշաճորեն կատարեն և ժամանակին արձագանքեն Արցախի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ ադրբեջանական շրջափակմանը:
Մեր պահանջների վերաբերյալ գրավոր մանրամասները կհրապարակեմ առանձին գրառմամբ»,-նշված է Բեգլարյանի գրառման մեջ: