Արցախը նոր առաջարկ է անում Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ախորժակը գնալով մեծանում է, անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին և Արցախին:
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը բացելու դիմաց, պահանջում է սքաներ սարք տեղադրել ՝ պատճառաբանելով, թե Հայաստանը զորք ու զենք  է տեղափոխում Արցախ:

Պարզվում է, Արցախը, Լաչինի միջանցքով երթևեկությունը վերականգնելու դիմաց, պատրաստ է կատարել Ադրբեջանի այս պահանջը, սակայն, Ադրբեջանը հիմա սրան էլ համաձայն չէ:

ArmLur.am-ը այս մասին տեղեկանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի գրառումից: Պատգամավորը, ով այս օրերին գործուղման է Գերմանիայում, Բունդեսթագում «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի ղեկավար կազմի և Բունդեսթագի պատգամավորների ու քաղաքական, հասարակական գործիչների հետ հանդիպման ընթացքում փոխանցել է Արցախի պետնախարարի ուղերձը:

«Բունդեսթագի իմ գործընկերներին փոխանցեցի Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ, որ Արցախը պատրաստ է չեզոքացնել ադրբեջանական կեղծ մտահոգություններն առ այն, որ իբր Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, որի ստահոդ լինելը կարող էր բացահայտել ռուս խաղաղապահների կողմից առաջարկված՝ բեռնատարների համար սքաներ սարքի տեղադրումը Գորիսից Արցախ եկող ճանապարհին, սակայն Ադրբեջանը դրան ևս համաձայն չէ, Արցախի կյանքի ճանապարհը շարունակում է մնալ փակ, որովհետև այդ կերպ Ադրբեջանը փորձում է ապահովել իր հիմնական նպատակները՝ ճնշումներով, բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով Արցախի բնակչության հպատակեցումը »,-գրել է Թագուհի Թովմասյանը:

Արցախի պետնախարարի ուղերձից ստացվում է, միջանցքի բացման դիմաց Արցախը պատրաստ է սքաներ սարքի տեղադրմանը Գորիսից Արցախ եկող ճանապարհին, սակայն Ադրբեջանը համաձայն չէ:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը փակ է 2022թ-ի դեկտեմբերի 12-ից:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս