Հայաստանը կճանաչի, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, անցակետն օրինական բնույթ կկրի. քաղաքագետի կանխատեսումները Միրզոյան-Բայրամով հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ:
Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ սպասի հայկական կողմը այս հանդիպումից, կհաջողվի՞ կողմերին համաձայնության գալ ու լուծում գտնել Արցախի շրջափակման մասով, որպեսզի, ի վերջո, միջանցքը բացվի:

-Արցախի շրջափակման հետ կապված որևէ լուծում չի լինի, Հայաստանը կճանաչի, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, անցակետն օրինական բնույթ կկրի, այսինքն ՝ Հայաստանը պետք է դրա հետ համաձայնվի ու վերջնականապես հրաժարվի Արցախից: Այսօր աշխարհաքաղաքական պայքար է գնում և կախված այն բանից, թե որտե՞ղ են հավաքվում՝ Մոսկվայում, թե Վաշինգտոնում, կարելի է հասկանալ, աշխարհաքաղաքական ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Հայաստանի գործող կառավարությունն աշխարհաքաղաքական կուրսի փոփոխություն է անում, թշնամական հարաբերությունների մեջ է մտնում Ռուսաստանի ու Իրանի հետ, փոխարենը՝ որպես դաշնակից է ընտրում Թուրքիային և Ադրբեջանին: Այս աշխարհաքաղաքական փոփոխությունն է գնում հիմա, իսկ լուծումն Արցախից հրաժարվելն է և Սյունիքի միջանցքի տրամադրումը Թուրքիային և Ադրբեջանին, այսինքն՝ տարածքային հերթական կորուստն ենք ունենալու: Ադրբեջան-Իրան հարաբերությունները լարվում են, հնարավոր է նաև պատերազմ՝ Արևմուտքի Ադրբեջանին աջակցությամբ, Սյունիքով պետք է թուրքական զորք տեղաշարժվի դեպի Ադրբեջան պատերազմի ընթացքում, իսկ Հայաստանը դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցն ընդդեմ Իրանի, Վաշինգտոնում նաև այս հարցերն են փորձելու լուծել: Թե Հայաստանի վարչապետը ժողովրդից թաքուն կհամաձայնվի՞ սրան, կամ բազմիմաստ ինչ-որ ձևակերպումներ կընդունի՞, չեմ կարող ասել, բայց այս հարցն են նաև փորձելու լուծել, արդյունքում ստանալու ենք հարվածներ թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից:

-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ եք կարծում, Վաշինգտոնում նոր փաստաթուղթ կստորագրվի՞:

-Խնդիրը փաստաթուղթը չէ, խնդիրն այն է՝ թե ո՞ւր է գնում Հայաստանը, այդ հանդիպմանը կարող է քայլ արվի փաստաթուղթ ստորագրվելու համար, կարող է միանգամից փաստաթուղթ ստորագրվի, բայց մենք չափազանց լուրջ հարված ենք ստանալու՝ կլինի դա գազի թանկացում, Իրան հետ տնտեսական ճանապարհի փակում, սա կլինի մեղմ հետևանք, իսկ ոչ մեղմ հետևանքները կլինեն դաժան: Սա քաղաքական կուրսի փոփոխություն է, էական չէ՝ ինչ-որ բան փաստաթուղթ կստորագրվի, թե ոչ, սա կուրսի փոփոխություն է, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք հակառուսական և հակաիրանական դաշինքի մեջ:

-Որոշ ժամանակ առաջ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայասանի և Ադրբեջանի արտգործնախարարները պետք է հանդիպեն ռուսական կողմի միջնորդությամբ, բայց հանդիպումն այդպես էլ չկայացավ, փաստ է, որ այժմ հանդիպելու են ամերիկյան կողմի միջնորդությամբ, ինչո՞ւ:

Հայաստանը, ըստ էության, մերժել է այդ միջնորդությունը և գնում է Վաշինգտոնի միջնորդությանը, դա նշանակում է աշխարհաքաղաքական փոփոխություն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս