ՆԱԽՕՐՈՔ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը. այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

 

«Իր գործակալների միջոցով Արցախն ավելի քան 4 ամիս անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի եւ միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողությունը փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։

Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ եռակողմ հայտարարության կողմերի եւ, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ եւ համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլեւ նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի եւ հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։

Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության եւ անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների եւ ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը եւ Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին՝ Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ փորձ է օրինականացնել դրանք եւ, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը:

Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է։ Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները եւ վերջ դնել Արցախի էթնիկ զտման եւ նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

 

 

ԳԱՆՁԱԿԻ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ՇԵՆՔ

Ապրիլի 21-ին Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզ էին ժամանել Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն եւ նրա գլխավորած պատվիրակությունը:

Հյուրերը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ ներկա գտնվեցին Գանձակի բուժամբուլատորիայի վերանորոգված շենքի բացման արարողությանը, ինչպես նաեւ այցելեցին Կարմիրգյուղի բուժամբուլատորիա:

Հիշեցնենք, որ դեպարտամենտի առողջապահական առանցքային ծրագրերի շրջանակներում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ծրագրով, որի պատասխանատուն է Ժան-Կլոդ Ռոսսեն, 2020-2021 թթ.-ի ընթացքում իրականացվել էին Կարմիրգյուղի եւ Գանձակի բժշկական ամբուլատորիանների մասնակի վերանորոգման աշխատանքներ։

2021-2022թթ.-ի ընթացքում հիմնովին վերանորոգվել է Գանձակ գյուղի բուժամբուլատորիայի շենքը, կատարվել է ներսի կոսմետիկ վերանորոգում, փոխվել են պատուհանները, եւ տեղադրվել է ջեռուցման համակարգ:

Նույն ծրագրի շրջանակներում՝ 2022-2023թթ.-ի ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է նաեւ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի սանհանգույցը, իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են պատուհանները, եւ տեղադրվել է ջեռուցման համակարգ:

Իզերի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելեցին նաեւ Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որտեղ մշակութային առանցքի ծրագրերի շրջանակներում ցուցադրվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից ֆրանկոֆոն երեխաների նկարները։

Հյուրերի այցը եզրափակվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում։ Իզերի դեպարտամենտի կողմից իրականացվող ֆրանսախոսություն առանցքի ծրագրերի շրջանակներում 2023թ.-ից մեկնարկել են թանգարանի ցուցանմուշների թարգմանության աշխատանքները։ Այս պահի դրությամբ թանգարանի չորս սրահների շուրջ 300 ցուցանմուշների թարգմանություններն արդեն ներկայացվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով։

Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կողմերի միջեւ հանդիպումները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում։

 




Լրահոս