Քննիչների աշխատավարձը կբարձրանա. ԱԺ-ում նիստեր են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն առաջիկա օրերին նիստեր կանցկացնեն: Այս շաբաթ երկու հանձնաժողովներում են նիստեր սպասվում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Իսկ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Հաջորդ շաբաթ ևս խորհրդարանում հանձնաժողովների նիստեր կլինեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 15-ին նիստ կլինի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Այդ օրը կքննարկվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար: Միաժամանակ, նախագծերի ընդունմամբ կառաջանա ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ևս մայիսի 15-ին նիստ կանցկացնի: Օրակարգում առկա երեք հարց կքննարկվի առաջին ընթերցմամբ, երեք նախագիծ էլ՝ երկրորդ: Դրանցից մեկով՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Նշենք, որ ՔԿ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 998 հազար 200 դրամ, եթե գումարենք 92 տոկոս ամսական հավելավճարը՝ 918 հազար դրամը, ապա ստացվում է, որ նա կստանա 1 մլն 916 հազար դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս