Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներից մեկը կալանավորվեց, իսկ մյուս երեք աշխատակիցների նկատմամբ այլ պատժատեսակներ են կիրառվել: Փաստացի գործով անցնում էին 4 անձ, եւ կալանավորվել է ընդամենը մեկը:
Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես՝ աշխատակիցներ Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն և Վ. Մ.-ն 2023 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետում հերթապահություն իրականացնելիս կշեռքի միջոցով պարզել են, որ նշված անցակետով անցնող ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների վարած մի շարք բեռնատարներ գերբեռնված են, այսինքն՝ գերազանցում են օրենքով թույլատրելի առավելագույն քաշը: Այնուհետև ՔՏՀԱ վերը նշված պաշտոնատար անձինք բեռնատարների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց Ն. Վ.-ի օժանդակությամբ վարորդներից որպես կաշառք պահանջել և ստացել են 20-60 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև դիզելային վառելիք:
Ա. Մ.-ն, Ա. Ղ.-ն, Վ. Մ.-ն և Ն. Վ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալը) և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի անգործության համար կաշառք ստանալուն օժանդակելը):
Կատարվում է նախաքննություն:
Քնար Մանուկյան