ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին եւ համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը՝ 29.8 հազ. քառ. կմ տարածքով, եւ Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89.6 հազ. քառ. կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Շառլ Միշելը, որի խոսքն ավելի ուշ խմբագրվեց ԵԽ կայքում. 89 600 քառ. կմ-ը դարձավ 86 600 քառ. կմ։
Այս իրավիճակում մի քանի հարցեր են առաջանում, որոնց պիտի Նիկոլ Փաշինյանը հստակ, ուղիղ, առանց խաբելու պատասխանի.
– Շ. Միշելի կողմից հնչեցված հայտարարությունից հարց է առաջանում. արդյոք Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը ճանաչե՞լ եք որպես ներկայիս Ադրբեջանի տարածք, եթե դրա մեջ մտնում է նաեւ Արցախի Հանրապետության փոքրացած տարածքը: Ինչու՞ ոչ մի խոսք չկա Արցախի մասին:
– Հնչեցնելով խորհրդային Ադրբեջանի տարածքային թիվը՝ ի՞նչ հիմքով եք չեղարկել խորհրդային գործող օրենսդրությամբ ինքնորոշված Արցախի Հանրապետության գոյությունը, եւ, ի հակառակ մեր միասնական պայքարի, միջազգային իրավունքի, սովետական օրենսդրության, Արցախը հանձնում եք Ադրբեջանին:
-Դուք ինչո՞ւ եք իրավունք վերապահել Ձեզ խոսելու հայ ժողովրդի անունից՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին: 10 օրից ավելի իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը հակառակի մասին է խոսում. մի քանի հարյուր հազար ստորագրություն ենք հավաքել արդեն, եւ պետք է ասեմ, որ հայերի մեծամասնությունը Արցախը չի ընդունում Ադրբեջանի կազմում:
– Ի՞նչ իրավունքով եք չեղարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ձեր գործողությունները հակասում են ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյա՛ն, Ձեր կողմից ստորագրված ցանկացած այսպիսի փաստաթուղթ լեգիտիմության լուրջ խնդիր ունի:
– Ի՞նչ իրավունքով եք սահմանափակում Ստեփանակերտի եւ Բաքվի բանակցությունները միայն իրավունքների եւ անվտանգության օրակարգով:
– Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անկլավների հարցի լուծումն ինչպե՞ս եք ապահովելու. Հայաստանից քանի՞ անկլավային տարածք եք խոստացել հանձնել Ադրբեջանին եւ ի՞նչ կստանաք դրա դիմաց:
– Եվրոպական Միության հարգելի՛ գործընկերներ, գերիների, անհետ կորածների, բռնությամբ անհետացածների վերադարձը պետք է տեղի ունենար պատերազմից անմիջապես հետո, սակայն մոտ 3 տարի է՝ մեր գերիները դարձել են քաղաքական առեւտրի առարկա, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստ անընդունելի է: Անհետ կորածների որոնողական աշխատանքները 2022թ. հունվարից դադարեցված են:
Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Լոնդոնն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի, որի մեջ կլինեն նաեւ զենիթային հրթիռներ եւ մեծ հեռահարության դրոններ։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Բրիտանիայի կառավարությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքն այն դրոնների մասին է, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է ավելի քան 200 կիլոմետր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանել է Լոնդոն, որտեղ մտադիր է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՈՎ
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկա Օլսոնի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
«Մամեդովը եւ Օլսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ադրբեջանաամերիկյան երկկողմ հարաբերությունները, ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,- տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ուստի խաղաղության պայմանագրի կնքման հիմնական նախաձեռնողն է։
«Նա նշել է, որ, չնայած դրան, Հայաստանը խոչընդոտում է խաղաղության գործընթացին, այդ թվում՝ Երեւանի վերջին սադրանքները սահմանին վնաս են հասցնում խաղաղության բանակցությունների միջազգային ջանքերին»,- ընդգծել է գերատեսչությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»,- մեջբերել են ԶԼՄ-ները։
ՄԻԱՑԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ
Մի քանի օր է՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Երեւանում իրականացնում է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի, որը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ։ Հազարավոր քաղաքացիներ են արդեն իսկ միացել ստորագրահավաքին։ «Ներկայացվելու են ՄԱԿ-ին, ԵԽԽՎ, Եվրոպառլամենտ, որպեսզի մենք ասենք, որ համաձայն չենք այս քաղաքականության հետ, եւ դուք պետք է փրկեք 120,000 քաղաքացու»,- ասել էր Թովմասյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչ է տալու ստորագրահավաքը։
Ի դեպ, ՔՊ-ական որոշ պատգամավորների հարազատներ եւս միացել են ստորագրահավաքին։ Մասնավորապես, Irakanum.am-ը ֆիքսել է, որ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քեռին՝ դերասան Ռուբեն Հովհաննիսյանը։ Նա ակտիվ մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հեռացման դեմ բողոքի գործողություններին եւ չի կիսում ո՛չ ազգականի, ո՛չ էլ նրա քաղաքական թիմի հայացքները։
Հավելենք, որ Ռուբեն Հովհաննիսյանն ու Արթուր Հովհաննիսյանը գրանցված են նույն հասցեում։
ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿԻՐ
Մայիսի 17-18-ի Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կգործուղվի հարեւան երկիր՝ Վրաստան:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունը Թբիլիսում կմասնակցի Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին:
Վրաստան գործուղվող պատվիրակության կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը, կկատարվի ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: