ՊԱՀՊԱՆԵ՛Ք ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ շուտով կավարտվի ուսումնական տարին, եւ ամառային սեզոնը կազդարարի տարբեր ավարտական էքսկուրսիաների մեկնարկը, որոնք նաեւ բնության գրկում բացօթյա խնջույքների առիթ են:

 

Սպասվող միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված խնդիրները, ինչպես նաեւ թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով հորդորում է ուսուցիչներին եւ ծնողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ եւ հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող որոշ պահանջների.

-համոզվե՛ք, որ սննդամթերքը թարմ է,

-նայե՛ք պիտանիության ժամկետներին,

-համոզվե՛ք, որ գնման պահին սննդամթերքը պահվում էր մակնշմանը համապատասխան ջերմային ռեժիմում,

-մի՛ գնեք սննդամթերք փողոցից,

-մի՛ գնեք սննդամթերք, որը չունի մակնշում,

-միս գնելուց պահանջե՛ք անասնաբուժական ձեւ N5 վկայականը։

Փոխադրամիջոցով տեղափոխվող սննդամթերքն անհրաժեշտ է պահել փակ տարաներում, բացառել հում եւ պատրաստի սննդամթերքի շփումը։

Հորդորում ենք հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին (կաթնամթերք, մսամթերք, ծովամթերք, կրեմային հրուշակեղեն, ըմպելիքներ, արագ սառեցրած մթերք եւ այլն), որոնք ենթակա չեն պահման առանց սառնարանային պայմանների: Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում դրանցում կարող են զարգանալ ինչպես մթերքի փչացմանը նպաստող, այնպես էլ սննդային թունավորումներ եւ աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ:

Առաջարկում ենք կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք եւ այլն) անպայման պահել-տեղափոխել սառնարան-պայուսակներում, որոնցում ջերմաստիճանային ճիշտ պայմաններ (-2 – +4) կապահովվեն:

Կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվե՛ք եւ խուսափե՛ք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:

Անհրաժեշտ է նաեւ տեղում՝ բնության գրկում հետեւել պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին եւ տեւողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը պետք է պատշաճ լվանալ դրանք խմելու հոսող ջրով եւ ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ խաչաձեւ աղտոտումից (ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց) խուսափելու նպատակով օճառով լվանալ ձեռքերը:

Հաշվի առնելով սննդային թունավորումների ժամանակ հավի մսի ռիսկայնությունը՝ առաջարկում ենք հավի մսից պատրաստվող կերակրատեսակների ժամանակ առավել ուշադիր լինել, ինչպես պատրատման հիգիենային՝ խաչաձեւ աղտոտում (ոչ պատշաճ լվացված եւ ախտահանված ձեռքեր, հում եւ պատրաստի սննդամթերքի համար օգտագործվող գույք), այնպես էլ պատրաստման ջերմաստիճանին եւ տեւողությանը (մսի խորքում ջերմաստիճանը պետք է հասցնել 65-700C)։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել նշված կանոնները թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 




Լրահոս