ArmLur.am-ը վերջին օրերին պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ Երևանում գործող մի շարք մասնավոր մանկապարտեզներում վարձավճարները կտրուկ թանկացել են, ինչի պատճառով էլ շատ դեպքերում իրենց երեխաներին չեն կարողանում մասնավոր մանկապարտեզներում տեղավորել:
Ընդ որում՝ մեզ դիմած ծնողներն արձանագրում են, որ թանկացումները կապված են հիմնականում վերջին շրջանում ռուսների մեծ ներհոսքի հետ: Մասնավոր մանկապարտեզների տնօրեններն ինքնուրույն որոշել են, որ, եթե ռուս երեխաների թիվը պարտեզներում շատանում է, ապա դրան զուգահեռ պետք է թանկացնել նաև վարձավճարները:
ArmLur.am-ն այսօր կապ հաստատեց մասնավոր մի քանի մանկապարտեզների ղեկավար կազմի հետ, հասկանալու՝ գնային ի՞նչ սանդղակ է գործում, արդյո՞ք կան թանկացումներ եւ ինչո՞վ է դա պայմանավորված: Մեր հարցումներից պարզ դարձավ, որ ծնողների ահազանգերն իսկապես տեղին են. մասնավոր մանկապարտեզներում վարձավճարները կտրուկ ավելացել են՝ մինչև անգամ 80 հազար դրամից մինչև 40,000 դրամ:
Մեզ հետ զրույցում մանկապարտեզների տնօրենները, աշխատակիցները պարզաբանեցին, որ թանկացումները հիմնականում պայմանավորված են էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ տարածքի վարձավճարների թանկացումների, սննդի ու ընդհանրապես երկրում առկա գնաճի հետ: Մեր զրուցակիցները նշում էին նաև, որ իսկապես գնային կտրուկ փոփոխություններ են եղել ու դա պայմանավորված է նաև ռուս երեխաների՝ մեծ թվով պարտեզ հաճախելու հետ:
Պարտեզների և զարգացման կենտրոնների ղեկավարների խոսքերով, այս ամենով պայմանավորված նրանք փոփոխություններ են կատարել նաև հաստատության ներսում` օրինակ լողավազան են տեղադրել, խաղահրապարակ են կառուցել, սանհանգույցներն են փոխել, մասնագետների թիվն են ավելացրել և այլն:
Այն, որ Հայաստանում մասնավոր մանկապարտեզներում վարձավճարների գինն արդեն հավասարվում է համալսարանների վարձավճարներին, արդեն ակնհայտ է, իսկ սա խայտառակություն է:
Քրիստինա Մուշեղյան