Հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Նրա խոսքով՝ միասնական քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։
«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ Այս փուլի քննություններն ավարտելու ենք հունիսի 27-ին «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։ Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում։ 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում։ Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաև այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին»,- ասաց նա։
ԳԹԿ տնօրենը նաև անդրադարձավ այն կարծիքներին, որոնք ասում են, որ եթե դիմորդին բավարարում էր հունվարի ստացած իր գնահատականը, ապա հունիսին դիմորդ այլևս չի մասնակցի երկրորդ փուլին․ «Մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկանում է երկրորդ անգամ քննություն հանձնել։ Կա դիմորդ, որ հունվարին ստացել է 19,75 միավոր, միևնույն է հայտագրվել է հունիսի քննության համար»։
Այս տարվա պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել, նկատեց Նասիբյանը։ Հիմնականում պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարմանը, ֆինանսներին ու բուժական գործին առնչվող մասնագիտությունները։
Քննությունների կազմակերպչական աշխատանքներն էլ ամբողջությամբ ավարտվել են։ Քննությունները վերահսկվելու են շատ խիստ մոտեցումով, եթե ինչ-որ մեկի մոտ հայտնաբերվի ցանկացած տիպի էլեկտրոնային սարք, դիմորդը դուրս կհրավիրվի։ Հնարամիտ դիմորդները լինելու են վերահսկողների ուշադրության կենտրոնում։