Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով անցնող մեղադրյալներից մեկը կոտրել է ոտքը. ով է նա և ինչ կապ ունի գեներալի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրի Խաչատուրովի որդու՝ Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով անցնող մեղադրյալներից մեկը կոտրել է ոտքը։ Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ի հավանությունը ստացավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։

Սույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին:
Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասել էր, որ քրեական գործում առկա 18 միլիոն դրամի գրավ վերցնելու մասը նույնպես իրականությանը չի համապատասխանում. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետեւ տվյալ գույքի համար երբեւիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակայնին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել, քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, որպես լրացուցիչ գրավ դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել», – նշել է պաշտպանը:

Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որեւէ փաստական հիմք չկա, եւ Էդգար Արշակյանը հանդիսացել է, այսպես ասած, քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»:

Եվ ահա հենց Էդգար Արշակյանն էլ կոտրել է ոտքը ու նիստերը չեն կայանում։

Քնար Մանուկյան




Լրահոս