Շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով. Դատավորների միություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոչ ենք անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին եւ Սահմանադրության ճիշտ կիրառմանը՝ քանզի Դատական դեպարտամենտը չի կարող ըստ իր հայեցողության կամ այլոց թելադրմամբ մեկնաբանել, կանխորոշել եւ ձեւավորել սահամանադրական անկախ մարմինը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դատավորների միությունը։

«Հարգելի՛ դատավորներ,

2023 թվականի հուլիսի 19-ին կայանալու է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու եւ դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձեւավորման գործընթացը կրկին վտանգված է:

Թեկնածուների ընտրությունը օրենքի պահանջներին հակառակ սահմափակվել է՝ մասնավորապես, ոչ անկախ մարմին հանդիսացող Դատական դեպարտամենտը ծանուցել է բացառապես ՀՀ մարզերի դատարանների դատավորներին՝ կրկին անտեսելով խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձեւավորելու իրավունքը:

Նշված շարունակական եւ անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով:

Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 22-ին եւս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձեւավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին:

Ուստի, կոչ ենք անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին եւ Սահմանադրության ճիշտ կիրառմանը՝ քանզի Դատական դեպարտամենտը չի կարող ըստ իր հայեցողության կամ այլոց թելադրմամբ մեկնաբանել, կանխորոշել եւ ձեւավորել սահամանադրական անկախ մարմինը, որը պետք է երաշխավորի դատական իշխանության անկախությունը, իսկ վերոհիշյալ գործելաոճի բացասական հետեւանքների կրողը դատավորներն են ու արդարադատության շահառուն՝ հանրությունը»,- ասվում է հայտարարությունում:




Լրահոս