ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ֆուլ-կոնտակտ եւ դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահն է, բայց նաեւ դերասան է ու ռեժիսոր: Հիմա նրա մասնակցությամբ ցուցադրվում է «Վրիժառու» հեռուստաֆիլմի երկրորդ մասը: Ֆիլմի առաջին եւ երկրորդ մասերի միջեւ որոշակի դադար եղավ, իսկ թե ինչու, Գոռ Վարդանյանն այսպես մեկնաբանեց. «Մենք սերիալ չենք նկարում, այլ կինո: Նկարում ենք, մոնտաժ անում, հետո նոր եթեր տալիս»:
-Ի՞նչը դրդեց նկարել երկրորդ մասը:
-Կերպարների պատմությունն ավարտված չէր, հեռուստադիտողների ցանկությունն էլ մեծ դեր խաղաց: Եւ ամենակարեւորը բուն մեսիջն էր, թե ինչ ենք ուզում ասել:
-Իսկ ի՞նչ եք ուզում ասել:
-Ֆիմը դեռ գնում է, լավ կլինի ավարտից հետո քննարկել: Հետաքրքիր է, թե հեռուստադիտողն ինչպես է ընկալել, արդյոք մենք ճիշտ ենք եղել մեր մտածելակերպի եւ իրագործման մեջ: Ընդհանուր առմամբ, չարի եւ բարու պայքարն է, որ մարդիկ պետք է ճիշտ ապրեն, իրար չցավեցնեն, հետո պետության կայացումը: Մենք բոլորս ցանկանում ենք ունենալ մի երկիր, որը նման կլինի արտասահմանյան զարգացած երկրներից մեկին, որտեղ մարդն իրեն օրենքով պաշտպանված կզգա:
-Ձեր ֆիլմում ներկայացնում եք հարուստ, շփացած մարդկանց, որոնք ժարգոնով են խոսում, վատ արարքներ գործում:
-Մենք ցույց ենք տալիս այն մարդկանց, որոնք պաշտոնյա են, բայց չեն համապատասխանում իրենց դիրքին: Նրանց կողքին ներկայացնում ենք նաեւ մարդկանց` կրկին պաշտոնյա, որոնք գրագետ ու խելացի են: Լավն ու վատն իրար կողք դնելով` ամեն ինչ ավելի ակնհայտ է դառնում:
-Չե՞ք կարծում, որ ֆիլմում ցուցադրելով այն կրիմինալ մարդուն, ով իր սխալ արարքներով մեծ փողեր է վաստակում, շքեղ մեքենաներ վարում եւ ուժ ունի, ինչ-որ տեղ նպաստում եք, որ շատ երիտասարդներ, այդ օրինակին հետեւելով, սխալ ճանապարհով գնան, մտածեն, թե դա է ճիշտը:
-Դրա համար էլ պետք է ֆիլմը սկզբից մինչեւ վերջ դիտվի, որ այդ նույն երիտասարդները տեսնեն, թե ով ինչպես է պատժվում: Լավ է, որ հարուստ է, բայց պետք է կարողանա իրեն ճիշտ պահել հասարակության մեջ, որ իր հարստությունը պրոբլեմ չլինի իր երեխաների կամ շրջապատի համար, այլ օրինակ ծառայի, որ շատ մարդիկ փորձեն նրա պես հարստանալ: Ֆիլմում համամարդկային խնդիրներ են, դրանք առկա են բոլոր երկրներում: Մենք էլ` որպես Հայաստանի քաղաքացի, ցանկանում ենք, որ մեր երկրում չլինեն այդպիսի բաներ, որ կրիմինալը չպրոպագանդվի, ներկայացվեն ավելի պետական մտածելակերպ ունեցող մարդիկ:
-Ենթադրում եմ, որ ֆիլմի ավարտը բարի է լինելու:
-Ֆիլմի հերոսը, ով դրական կերպար է եւ օրինապահ մարմինների ներկայացուցիչ, պետք է անպայման հաղթի չարին: Կրիմինալը պետք է պարտվի ու դատապարտվի օրենքով:
-Դուք դպրոց ունեք, բազմաթիվ սաներ, ունեք նաեւ երկու որդի, ի՞նչ խորհուրդներ եք տալիս նրանց:
-Լավ կլիներ երեխաներից հարցնեիք: Նախ` որպես հայր` կցանկանայի, որ իմ տղաներն անցնեն կյանքում չգրված բոլոր ճանապարհները, որ հասկանան կյանքի լավ ու վատ կողմերը: Նրանք պետք է մարզվեն, լավ սովորեն, ծառայեն եւ երաժշտության գնան: Իսկ սաներիս համար աշխատում եմ լինել մի հերոս, ում միջոցով նրանք կկարողանան տարբերակել կյանքում լավն ու վատը:
-Հայաստանում շա՞տ է կրիմինալը:
-Կրիմինալ ամեն տեղ կա: Որ ասեմ` չկա, այդպես չէ:
-Անընդհատ խոսում եք պետական մտածելակերպ ձեւավորելու, պետությանն աջակցելու մասին: Դուք ո՞ր կուսակցության անդամ եք:
-Ես ոչ մի կուսակցության մեջ չկամ: Ես մեր ժողովրդի կողմն եմ, մեր նախագահի, մեր պետության: Պատրաստ եմ ամեն ինչ անել մեր պետության համար:
-Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Դուք եղել եք առաջին եւ երկրորդ նախագահների անվտանգության ծառայությունում:
-1993 թվականին եղել եմ նախագահի անվտանգության ծառայությունում: Այո՛, աշխատել եմ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահների ժամանակ: Բայց արդեն 4 տարի է, ինչ դուրս եմ եկել եւ անվտանգության աշխատակից չեմ:
-Իսկ ինչո՞ւ երրորդ նախագահին թողեցիք:
-Ես նախագահին չեմ թողել: Ինքս եղել եմ սպա, իմ գործն է եղել ապահովել հանրապետության նախագահի անվտանգությունը, իսկ թե ով կլինի հանրապետության նախագահն այդ պահին, դա նրա անվտանգությունն ապահովելու խնդրին այդքան էլ չի առնչվում: Բոլոր սպաները պետք է մտածեն, որ դա ծառայություն է, պարտականություն, որը պետք է արվի: Պետք չէ անհատական անունների հետեւից ընկնել:
-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
-Համարում եմ, որ ոչ մի բանի պակաս չունեմ, երջանիկ եմ ամեն առումով` ունեմ ընտանիք, ընկերներ, շրջապատ, պետություն… Ուզում եմ, որ սիրենք ու հարգենք իրար, ժպտալով բարեւենք, լինենք միասին, սիրենք մեր երկիրը, բանակը, նախագահին: Նաեւ հավատանք մեր ուժերին: Երբ նոր էի սկսել սպորտային գործունեությունս եւ կինո նկարելը, այդ տարիներին մարդիկ իրենց տունը փոխում էին ինքնաթիռի տոմսի հետ եւ փախչում այստեղից: Բայց ես մնացել եմ հույսով եւ պայքարել եմ: Վստահաբար կարող եմ ասել` երբեք մի՛ հուսահատվեք, հետեւե՛ք իմ օրինակին, աշխատե՛ք:
ԿՐԻՄԻՆԱԼԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԻ ՕՐԵՆՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ