ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՈՐԴԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի որդիները հերթական անգամ թմրանյութի պատմության կիզակետում են։ Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լեւոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի եւ նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ՝ իրականացվում է «Ոսկե երիտասարդները չպետք է մարսեն թմրամիջոցները» օպերացիան:

 

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների պարեկները մի քանի ուղղությաններում դարանակալումներ են կատարում եւ արդեն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48 կմ հատվածում ժամը 16:00-ի սահմաններում կանգնեցնում են BMW X5 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Երեւանի բնակիչ 30-ամյա Նորիկ Մեյրոյանը, պարեկներին հայտնում է, որ իր ավտոմեքենայի մեջ թմրամիջոց կա, եւ այն իր անձնական օգտագործման համար է:

Պարեկները նրան եւ նրա հետ եղած 2 ուղեւորներին, թմրանյութ պահելու, օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալում եւ տեղափոխում են Ոստիկանության Հրազդանի բաժին: Տեղում պարզվում է նաեւ, որ ուղեւորներն են Երեւանի բնակիչներ 28-ամյա Արեգ Չախոյանը եւ 30-ամյա Ռոբերտ Գալստյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս ենթարկվում են անձնական խուզարկության, որի արդյունքում Ա. Չախոյանի մոտ հայտնաբերվում է անձեռոցիկի մեջ փաթեթավորված թվով 6 հատ առանց գրառման դեղահաբեր, ինչպես նաեւ թվով 10 հատ «ԹցՍՈ ԹցՍՈ» գրառման եւ 1 հատ «ՁՈՑՈրՏՐՑ» գրառմամբ դեղահաբ, իսկ Մեյրոյանը հայտարարել է, որ ավտոմեքենայում առկա պայուսակի մեջ ունի կանեփանման զանգված, որը նախատեսված է իր անձնական օգտագործման համար՝ որպես թմրամիջոց:

Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ն. Մեյրոյանի, Ա. Չախոյանի եւ Ռ. Գալստյանի հետ ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր.-ի 396 հոդվածի 1 մասի հատկանիշներով: Ն. Մեյրոյանը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է, Ա. Չախոյանն ու Ռ. Գալստյանը բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Չախոյանը ԱԺ նախկին պատգամավոր, քրեական պատմություններով հայտնի Նվեր Չախոյանի որդին է:

Նկատենք, որ նախկին պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում. դեռեւս 2013 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարտի 15-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 2 երիտասարդի։

Ժամը 22։30-ի սահմաններում Թումանյան փողոցի 2-րդ անցուղի թիվ 5 շենքի մոտ քրեական հետախուզության աշխատակիցները կասկածանքով զննել են «Մերսեդես Բենս 450» մակնիշի, 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ 06 գրամ դեղնականաչավուն զանգվածքով, եւ մեկ կաթուցիչ։

Նշված ավտոմեքնայում է եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի տղան՝ 22-ամյա Նարեկ Չախոյանը, եւ Երեւան քաղաքի ավագանու անդամ, Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 21-ամյա Սարգիս Վարդանյանը։

 Ք.Մ.

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐՆ ՈՒ ԱԱԾ ՔՆՆԻՉԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորել է ԱԱԾ քննիչ Սերգեյ Անտոնյանի տան ուղղությամբ կրակոցներ արձակած ՌԴ քաղաքացուն:

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 22-ին Երեւանում հնչած կրակոցներից։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ օրը Քաջազնունի փողոցի 5-րդ շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ իրավապահները կրակված պարկուճն ու գնդակը հայտնաբերել են ԱԱԾ քննիչ Սերգեյ Անտոնյանի բնակարանում։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց ԱԱԾ քննիչ Անտոնյանն էլ իրավապահներին ահազանգել է ու հայտնել է կատարվածի մասին։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ կոնկրետ կրակոցներն ուղղված են եղել ԱԱԾ քննիչի դեմ, թե կատարվածը պատահականություն է, կամ միգուցե կոնկրետ մարդիկ քննիչին բան են ցանկացել հասկացնել. հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա տարվող քննությունը։

Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր,որ հուլիսի 22-ին Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը՝ 08:50-ի սահմաններում, անհայտ անձը դեռեւս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել Քաջազնունի փողոցի շենքերից մեկի բակում, որի հետեւանքով վնասվել է այդ շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի առաստաղը:

Գ. Շամշյանը տեղեկություններով՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը:

Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կիրակոսյանի եւ ավագ քննիչ Ժամկոչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են կրակված պարկուճ եւ գնդակ: Նույն օրը դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դուրս են գալիս ճիշտ հետքի վրա, եւ քիչ առաջ Երեւանում հայտնաբերվում է Mercedes G մակնիշի 33 GG 300 համարանիշի ավտոմեքենան, ու ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու եւ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, «յաշիկով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում 2 հոգու:

Ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ:

Բերման ենթարկվածները, ատրճանակով հանդերձ, ներկայացվում են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների 3-րդ քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոց արձակողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Միխայիլ Մ.-ն է, իսկ ավտոմեքենան պատկանում է Երեւանի բնակիչ 25-ամյա Տ.Մ.-ին: Արդյոք վերջինս կրակոց արձակելու պահին եղել է ավտոմեքենայում թե ոչ՝ պարզվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Օգոստոսի 1-ին` ժամը 11:00-ին, ԱԺ-ում տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստին մասնակցելու է նաեւ կալանավորված նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՊՆ  նախկին նախարարը գալու է հենց հանձնաժողով, նրան քրեակատարողական հիմնարկից ուղեկցելու են Ազգային ժողով։

Հանձնաժողովի նիստը շարունակվելու է նաեւ օգոստոսի 2-ին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, ԱՀ ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների միջեւ կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների երթեւեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ դատախազությունը:

«Այնուհետեւ, անտեսելով եւ չկատարելով ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, որը վերահաստատվել է նույն դատարանի 06.07.2023թ. որոշմամբ, 2023 թ. հունիսի 15-ից ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով կենսական ապրանքների, դեղորայքի, սննդամթերքի եւ այլ անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ 2023 թ. հուլիսի 27-ին ՀՀ-ից ուղարկված շուրջ 400 տոննա մարդասիրական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն, այդկերպ Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպել եւ իրականացրել է այլ գործողություններ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության հայ բնակչությանը ոչնչացնելուն, որն էլ առաջացրել է Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում մանկահասակ երեխաների մահ, ինչպես նաեւ մանկածնության խոչընդոտներ եւ այլ ծանր հետեւանքներ:

Նկարագրված դեպքի առթիվ 28.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով (Միջազգային ահաբեկչությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը եւ դատավարական ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված եւ ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 




Լրահոս