Քաղաքը փոշու մեջ է, իսկ իշխանության վերնախավը քարոզարշավ է անում։ 2018 թվականից մինչեւ 2023 թվականը Հայաստանում ավելացել են շինարարության ծավալները։ 2018 թվականի հաշվարկով՝ Հայաստանի ամբողջ տարածքում շինարարության ծավալները կազմել են 435 մլն 803 հազար դրամ։ 2022 թականին այդ թիվը աճել է՝ դառնալով 541 մլն 110 հազար դրամ։ Այսինքն՝ նորելուկ իշխանությունները քաղաքացիներին իբրեւ թե լավություն անելու եւ նրանց աչքը մտնելու համար աջ ու ձախ շինթույլտվություններ են բաշխել։ Ամեն առիթով պարծենում են, թե ստեղծել են աշխատատեղեր, սակայն այդ աշխատատեղերը վնասում են հա՛մ բնությունը, հա՛մ մարդկանց առողջությունը: Հեղափոխական իշխանությունները Երեւանում 2018 թվականից մինչեւ 2023 թվականը թվով 157 շինթույլտվություն են տվել 100-ից ավելի կազմակերպությունների։ Այս շինթույլտվությունները տրված են հիմնականում բնակելի շենքեր կառուցելու համար։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանում բնակչության կեսն ապրում է Երեւանում. Հայաստանում բնակչությունը խիստ ուրբանիզացված է։ Այսինքն՝ գյուղերը դատարկվում են, իսկ քաղաքում ավելանում են թանկարժեք էլիտար շենքերը, որոնք վաճառվում են անասելի թանկ գներով։ Հիշենք նաեւ այն փաստը, որ Մարությանի ղեկավարության օրոք, կառուցապատումների թույլտվությունների դիմաց, ձեռք էին բերվել աղբատար մեքենաներ։ Կասկածելի է, թե նրանից հետո էլ ինչի դիմաց են իշխանությունները ծախել Երեւան քաղաքի մայթերն ու ազատ տարածությունները։ Սա դեռ բավարար չէ. Երեւանի քաղաքապետարանը նախընտրական թոհուբոհում արագ-արագ քանդում է քաղաքացիների իբրեւ անօրինական շինությունները՝ առանց նրանց այդ մասին ծանուցելու։ Այսինքն՝ ով ըմբոստ է, ընդդիմախոս Փաշինյանի իշխանությանը, նրանց շինարարությունները քանդվում են ամենատարբեր անհեթեթ հիմնավորումներով, իսկ ովքեր քծնում են, ամենաանօրինական շինարարություններն են շարունակում: Երեւանում կա օդի աղտոտվածության լուրջ խնդիր եւ կուտակված փոշու ամպեր, սակայն եւ՛ կառավարությունն է լռում, եւ՛ Երեւանի քաղաքապետարանն ու բնապահպանները: Վերոնշյալ շինթույլտվությունները տրվել են այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսին է «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն, որը պատկանում է Վարդանյան եղբայրներին։ Հիշեցնենք, որ «Գրանդ տոբակո» ընկերությունը դեռ այս տարվա ապրիլին ազատվել է 8.6 մլրդ դրամի մաքսատուրքից։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Մյուս կազմակերպությունը «Միկշին» ՍՊԸ-ն է, որը 2018 թվականին, Կառավարության որոշմամբ, պատրաստվում էր լեռնադահուկային համալիր կառուցել Լոռու մարզում, սակայն 2019 թվականին այդ որոշումը համարվեց ուժը կորցրած, եւ ծրագիրը չեղարկվեց։ «Միկշին» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբորը՝ Տիգրան Հարությունյանին, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդուն։ Հաջորդիվ կներկայացնենք, թե էլ որ ընկերություններին են Երեւանում շինթույլտվություններ տրված։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի քրեական գործով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել Պն նախկին նախարար, փոխնախարարներ ու վարչության պետեր, որոնք հարցաքննվել ու առերեսվել են Վաչագան Ղազարյանի հետ: Ավելին՝ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության, զորքերի բնակավորման եւ կոմունալ շահագործման վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ԱԱԾ-ն կալանավորել է Վաչագան Ղազարյանի քրեական գործով։ Ի դեպ, նա սպարապետ Վազգեն Սարգսյանի կուրսեցին է։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 5 տարի առաջ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար եւ 436 մլն դրամ։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ում քրեական վարույթ է առկա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով, եւ, ահա, այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։
«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ծնողների գործով: Մասնավորապես, իրավապահ մարմինները բացահայտել են, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած Աննա Արեւշատյանն իր երեխայի նկատմամբ այդպես է վարվել, նկարել ու տեսանյութը ուղարկել է իր ամուսնու՝ Թաթուլ Մադաթյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նույն խցում պատիժը կրող մի տղամարդու: Իրավապահները բացահայտել են, որ Աննա Արեւշատյանը կապի մեջ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր ամուսնու հետ նույն խցում պատիժ կրող մի տղամարդու հետ, որն էլ նրան շահագրգռել է երեխայի հետ այդպես վարվել, նկարել ու ուղարկել իրեն, ինչն էլ Աննա Արեւշատյանն իրականացրել է: Հիշեցնենք, որ Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված Է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Թաթուլ Մադաթյանի խցում: Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով, ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին։ Ծնողները կալանավորված են:
Հայաստանում նվազել են հացի արտադրության ծավալները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 128 հազար 167.2 տոննա հաց։ Այս թիվը, 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 2.1%-ով։ Սակայն 3.1%-ով ավելացել է ալյուրի արտադրությունը. 7 ամիսներին արտադրվել է 89 հազար 827.1 տոննա ալյուր, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 87 հազար 108.2 տոննա։ Այս թվերին զուգահեռ ավելացել է մակարոնեղենի եւ ձավարի արտադրությունը. այս տարվա հունվար-հուլիսին 1.1%-ով էլ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը, ձավարեղենի արտադրության ծավալները նույնպես ավելացել են։ Հունվար-հուլիսին արտադրվել է 902.2 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.6%-ով։ Սա հետաքրքիր վիճակագրություն է այն իմաստով, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հայաստան եկած քաղաքացիները թեեւ բնակչության վիճակագրությունը ՀՀ-ում փոխել են, բայց հացի արտադրությունը նվազել է, քանի որ նրանք հայերի նման շատ հաց չեն ուտում։