ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ԷԼ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանագրով դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը` արդեն նախկին դատավոր Ժորա Վարդանյանի որդին: Թվում է` ոչ մի վատ բան էլ չկա, որ ընտանեկան ավանդույթներ են ձեւավորվում, որ որդիները շարունակում են հայրերի գործը: Սակայն զարմանալին այն է, որ դատավորների առաջադրման ցուցակներից ընտրվում ու հրամանագրվում են հենց դատավորների կամ էլ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, մինչդեռ առավել ցածր սոցիալական սանդղակի վրա գտնվող ընտանիքների զավակներն այդպես էլ ապրում են երազանքներով` համոզվելով, որ դատավոր նշանակվելու համար գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ ոչ միշտ են հարկավոր: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության  դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին հավանաբար ինչ-որ գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ ունի, մանավանդ, որ նրան էր վստահված մարտի 1-ի ողբերգություններին առնչվող գործերից շատերի վարույթը, իսկ բոլոր գործերն էլ քննվում էին վերոնշյալ դատարանում, որովհետեւ տարածքի առումով հենց այս դատարանն էր պարտավոր զբաղվել այդ գործերով: Ժորա Վարդանյանն իշխանությունների պատվերն էր կատարում իր քննիչ որդու հետ, իսկ իշխանություններն էլ խոստանում էին «ոսկեզօծ» ապագա դատավորի որդուն: Եւ հիմա խոստումը կատարեցին: Կարելի է ասել, որ մեր իշխանություններն ուտող-ուրացող չեն, նրանք գիտեն, թե ինչպես վարձահատույց լինեն իրենց ծառայություն մատուցողներին…Ուշագրավն այն է, որ Ժորա Վարդանյանն ի սկզբանե իմացել է, որ մարտի 1-ի գործերը հիմնականում իր գլխավորած դատարան են ուղարկելու, ուստի արել է ամեն ինչ, որպեսզի որդին ընդգրկվի քննչական խմբում, քանի որ այս երիտասարդն արդեն աշխատում էր որպես կարեւորագույն գործերով քննիչ: Միաժամանակ մի շատ կարեւոր հարց էլ է լուծել Վարդանյանը. օրենքի ուժով նա իրավունք չուներ լսելու իր որդու ներկայացրած գործերը, դրա համար էլ իրեն ապահովագրելու եւ հասարակության աչքին «պուպուշ» երեւալու համար որդուն ընդգրկել էր տվել քննչական խմբում, իսկ իրեն էլ դուրս դրել դատավարությունից: Տեսնո՞ւմ եք, թե ինչ «պլաստիկ» ուղեղի տեր էր մեր Ժորա Վարդանյանը, որ որոշել էր միանգամից երկու նապաստակ սպանել` այսպես լուծելով նաեւ որդու ապագայի հարցը: «Վարդանյան եւ որդի» «ընկերությունը» շատ լավ աշխատեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործը «սարքելու» հարցում, երբ որդին կեղծ փաստարկների օգտագործմամբ հորինեց մի այնպիսի քրեական գործ, որը կարող էր դրվել հոլիվուդյան ցանկացած արկածային կամ մարտական ֆիլմի հիմքում, իսկ հայրն էլ օրինականացրեց որդու հորինվածքները: Գագիկ Ջհանգիրյանը դատարանում պահանջեց Ժորա Վարդանյանի ինքնաբացարկը` ինչպես թելադրում էր օրենքը, սակայն Ժորա Վարդանյանը մերժեց, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանի գործն ամենաաղմկահարույցն էր, ամենից շատ հորինվածն ու կեղծվածը: Եւ ուրեմն հայրը պիտի «կանաչ լույս» վառեր որդու սարքած գործի առջեւ` այսպիսով անգնահատելի ծառայություններ մատուցելով իշխանություններին` միաժամանակ ուրանալով Ջհանգիրյանին, որի միջնորդությամբ դատավոր էր դարձել:    Արշակ Վարդանյանի անվանն է կապակցվում մի «նշանավոր» գործ եւս: Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների օրը Էրեբունու թիվ 13/16 ընտրական տեղամասում տեղի ունեցած դեպքի փաստի առթիվ քրեական գործը եւս քննել է Արշակ Վարդանյանը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ այս տեղամասում կատարվող ընտրակեղծիքների մասին ահազանգ ստանալուց հետո «ՀԺ» լրագրող Լուսինե Բարսեղյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ժամանել էին այնտեղ: Քրեական տարրերը հարձակվել էին լրագրողի եւ ԱԺ պատգամավորի վրա: Այդ ընթացքում ընտրակեղծարարներին աջակցել էին թիվ 13/16 ՏԸՀ նախագահ Վասիլ Աֆյանը եւ Էրեբունու նախկին  ոստիկանապետ Ավետիք Մկրտչյանը` «աղվես Ավոն»: Արշակ Վարդանյանն այնպիսի «փայլուն» քննություն անցկացրեց, որ կարողացավ քրեական հետապնդումից ազատել լրագրողին ու պատգամավորին հարվածած Բաբկեն Ղազարյանին եւ նրան աջակցած Էրեբունու ոստիկանապետին: Արդյունքում` Վ.Աֆյանին մեղադրանք առաջադրվեց լրագրողի եւ դիտորդական առաքելություն իրականացնող պատգամավորի գործունեությանը խոչընդոտելու համար, ում նա ենթարկվեց 300 հազար դրամ վարչական տույժի: Այս գործի մասին խոսելիս իրավապահները թաքուն ծիծաղում էին, քննարկում քննիչի գործողությունները, շեշտում, որ ոչ միայն ի հայտ է եկել մասնագիտական անգրագիտությունը, այլեւ ամեն ինչ արվել է կեղծիքներին օրինականություն հաղորդելու համար: Սակայն ամեն ինչ մատնվեց անուշադրության, որովհետեւ կային պատվիրատուներ եւ կար «պապան»` Ժորա Վարդանյանը…Արդեն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռներից մեկի վրա կամրացվի ցուցանակ, որը կազդարարի, որ այստեղ է դատավոր Արշակ Ժորայի Վարդանյանը: Ուրեմն պետք է զգուշանալ. այս դատավորի կայացրած ցանկացած վճիռ կարող է թելադրված լինել «ինչ-ինչ հանգամանքներով», քանի որ «սովոր ձեռքն ամեն ինչի ընդունակ է»…ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս