«Հրապարակ» թերթը գրում է․ «Տավուշյան ներկայացումից երկու օր անց Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես տվեց Հայաստանի հյուսիսում թշնամուն տարածքներ հանձնելու գործընթացի մեկնարկը։ «Սա Հայաստանը բլոկադայի մեջ առնելու եւ Արցախի Հանրապետության ճակատագրին արժանացնելու քայլ էր»,- մեկնաբանելով Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաեւ երեկվա հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ «Հրապարակ»-ին ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
ՀՀ ԱԳՆ-ն երեկ՝ ապրիլի 19-ին տեղեկացրեց, որ նույն օրը կայացած սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, «սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։ Պաշտոնական տեքստում նաեւ ժամկետներ կան, տվյալ հատվածի սահմանագծի Արձանագրություն-նկարագրություն կազմելու ժամկետ է նշվում մինչեւ մայիսի 15-ը։ Խոսք է գնում նաեւ ներպետական իրավական ընթացակարգերի մեկնարկի մասին։ Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ ԱԳՆ-ի հրապարակած տեքստը նշանակում է, որ Ադրբեջանը ստացավ այն, ինչը հրատապ կարգով պահանջել էր Հայաստանից։
«Ադրբեջանն այս 4 գյուղերը ստանալով, ապա, այսպես կոչված, անկլավները ստանալով՝ իր խնդիրը լուծում է։ Առաջին պաշտպանական բնագիծը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ամենալավ պաշտպանված հատվածը, ամբողջովին տրվում է Ադրբեջանին։ Այդ տարածքները հանձնելով, Փաշինյանը տասնյակ մարտական հենակետեր ուղղակի շրջափակման մեջ է դնում, այսինքն՝ նրանց գործունեությունն անիմաստ է դառնում, եւ, հետեւություն՝ պաշտպանական բնագիծն այլեւս գոյություն չի ունենում, Ադրբեջանն առաջ է գալիս այդ ամբողջ բարձունքներով»,- բացատրում է պահեստազորի գնդապետը։
Բացի այս, Նահապետյանի խոսքով, ադրբեջանական կողմը երկու կետում դուրս է գալիս Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ճանապարհը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի ճակատագրին է արժանանում, որտեղով, ի դեպ, անցնում է նաեւ Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը։
«Բարձունքները, որոնք Ադրբեջանը հիմա թղթով է ստանալու, վաղը, մյուս օրն օգտագործվելու են դեպի Լոռու մարզ առաջխաղացման եւ Հայաստանը վերեւից՝ հյուսիսից երկու մասի բաժանելու համար»,- շարունակում է Նահապետյանը, ում համոզմամբ՝ ՀՀ իշխանությունն այս զիջմանը գնացել է դեռ 2022թ․ հոկտեմբերի 6-ին, Պրահայում, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Նահապետյանը հիշեցնում է` այն ժամանակ Փաշինյանն արեւմտյան երաշխավորների հովանու ներքո հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառ․ կմ տարածքով, բայց առայսօր Ալիեւը Հայաստանի 29․800 քառ․ կմ-ն ճանաչելու մասին հայտարարություն էլ չի արել։
Ըստ ռազմական փորձագետի՝ պատմությունը ցույց է տվել, որ ամրոցները տարբեր մեթոդներով է հնարավոր գրավել՝ պատերազմով, կաշառելով, համոզելով, միջնորդներ բերելով ու խաբելով։ Արձանագրելով իրավիճակը՝ մեր զրուցակիցը հարցադրումներ է անում՝ եթե Փաշինյանը դեռ Պրահայում էր համաձայնել այս զիջմանը, ինչո՞ւ այդ ընթացքում չի կառուցվել այլընտրանքային շրջանցիկ ճանապարհ, ինչո՞ւ աշխատանք չի կատարվել, որպեսզի Ադրբեջանը վերահսկողություն չունենա գազամուղի նկատմամբ։ Եվ երրորդ․ ինչո՞ւ նոր բնագծեր չեն կառուցվել, եթե տեղի էր ունենալու հանձնում։
Պահեստազորի գնդապետը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է պրովոկացիա հրահրել սահմանամերձ որեւէ բնակավայրում եւ իր համար լեգիտիմ հիմք ստեղծել՝ Հայաստան ներխուժելու համար։ «Օրինակ, մտնեն մի բնակավայր, մի քանի հարյուր բնակիչ սպանեն, իրենց սառնարաններից դիակները բերեն թափեն այդտեղ ու ասեն՝ հայերն են սպանել։ Իրենք արդեն իսկ բարձունքները վերցնում են, կարող են լեգիտիմ իրավունք ստեղծել՝ առաջ գալու»,- հավանական սցենար է նկարագրում պահեստազորի գնդապետը։ Նահապետյանը հիշեցնում է Ջերմուկում հայկական կողմի զիջումները, իշխանության՝ չկրակելու հրամանները, բանավոր պայմանավորվածություններն ու արձանագրում՝ Փաշինյանը հիմա էլ թղթով է տարածքներ զիջում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: