Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով. Ռուբինյանն ընդունել է Վրաստանից պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է՝ վերջին շրջանում խորհրդարանականների ակտիվ փոխայցերը ցույց են տալիս, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով: ԱԺ փոխնախագահը խոսել է մշակութային համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին:

Էլիսո Բոլքվաձեն նշել է, որ Վրաստանի խորհրդարանում իր ղեկավարած հանձնաժողովը նորաստեղծ է, և հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր: Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը:




Լրահոս