Ինչպես ստացվեց, որ ԿԳՄՍ նախարարի թեթեւ ձեռքով 42 մլն դրամ արժողությամբ միջոցառումը ձախողվեց փոխնախարար Դանիել Դանիելյանի (մշակույթի գծով) ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, հասել էր Գյումրի, որտեղ ժամը 14:00-ին մշակութային միջոցառում պիտի կայանար, սակայն ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի թեթեւ ձեռքով չեղարկվեց։ Տավուշի թեմի «Տա լույս» երգչախմբին չթույլատրեցին ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Բագրատ Սրբազանը ամոթանք տվեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին` հայտարարելով, որ նա դեռ ներողություն պիտի խնդրի իր պահվածքի համար։
Այսպիսով, ինչ էր իրականում պատահել. ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, տեղեկանալով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, գալիս է Գյումրի, նախ փոխել էր Գյումրիում կայանալիք միջոցառման մեկնարկի ժամը, ապա, ըստ մասնակիցների, պահանջել էր բեմն ապամոնտաժել եւ համերգը չեղարկել։ Համերգը կայացել է, սակայն «Տա լույս» մանկական երգչախումբն այդպես էլ չի երգել։ Փոխնախարար Դանիելյանը վիճաբանություն էր ունեցել «Տա լույս» երգչախմբի պրոդյուսեր, ուրարակիր Թովմաս Առաքելի հետ՝ նրա սքեմն անվանելով «դերյա»։ Սա փոխնախարարին ոչ հարիր պահվածք է, որը ցուցաբերել է թերեւս դաստիարակչական եւ կրթական ուղղվածություն ունեցող նախարարության ներկայացուցիչը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Ֆրանսիայից Հայաստան եկած փոխնախարարից պատասխաններ ստանալ, թե որն է եղել նրա ագրեսիվ վարքագծի պատճառը, ինչու է փոխնախարարը արգելել ելույթ ունենալ տաղանդավոր մանկական երգչախմբին։
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է.
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ եւ համագործակցությամբ համերգն իրականացրել է «Ազնավուր» հիմնադրամը: Միջոցառման աջակիցն էր Գյումրու համայնքապետարանը։
Համերգի սկիզբը նախատեսված էր ժամը 14:00-ին, սակայն կազմակերպչական եւ տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ «Ազնավուր» հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված, համերգը տեղափոխվել է 1 ժամ շուտ եւ կայացել է ժամը 13:00-ին: Այս մասին, բնականաբար, նախապես տեղեկացվել է նաեւ համերգի մասնակիցներին: Համերգին նախատեսված էին Swag Kids մանկապատանեկան խմբի, եվրատեսիլյան պատվիրակներ Նարե Ղազարյանի եւ «Yan Girls» խմբի, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի երգչախմբի, Տավուշի թեմի «Տա Լույս» մանկական երգչախմբի ելույթները: «ՏաԼույս» մանկական երգչախմբի ղեկավարը եւ պրոդյուսերը, սակայն, կտրականապես հրաժարվել են համերգին 1 ժամ շուտ մասնակցությունից եւ թույլ չեն տվել երգչախմբին ելույթ ունենալ: Այս ամենը մեզ համար անչափ ցավալի էր, քանի որ երեխաները եկել հասել էին Գյումրի, առավոտյան տեղում մասնակցել փորձերին, տրամադրված եւ անհամբեր սպասում էին համերգին: Երեխաների՝ համերգին չմասնակցելու որոշումը կայացվել է բացառապես երգչախմբի ղեկավարների կողմից: Մեր կողմից որեւէ խոչընդոտ չի եղել, հակառակը՝ նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի ի սկզբանե բոլոր խմբերը, այդ թվում՝ նաեւ Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախումբը, մասնակցեն հունիսմեկյան տոնական համերգին: Համերգի ավարտից հետո բեմը տեխնիկական անձնակազմի կողմից ապամոնտաժվել է, ինչը սովորական աշխատանքային գործընթաց է բոլոր նման կարգի միջոցառումների համար»։
Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել, սակայն մեդալի մյուս կողմը շրջել, կարծես թե, չի ցանկացել։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ թեեւ համերգը սկսվելու էր ժամը 14:00-ին, ինքը հեռախոսով հրահանգ է ստացել ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանից կազմ-պատրաստ լինել ետնաբեմում, քանի որ սկսելու են մեկ ժամ շուտ. թե որն է պատճառը, որեւէ բացատրություն չի տրվել։ Այդ ընթացքում երգչախմբի երեխաները փոքր-ինչ փորձել են հանգստանալ, սնվել, տաղավար չլինելու պատճառով՝ երկու երեխա ուշագնաց են եղել։ Փոխնախարարին բացատրել են, որ դա անհնար է, երեխաները պետք է ֆիզիկապես պատրաստ լինեն։ Սակայն փոխնախարարն անդրդվելի է եղել՝ երեխաներից պահանջելով լրացուցիչ ջանքեր։ Եվ, վերջնարդյունքում, փոխնախարարի քմահաճույքները չկատարելու համար երեխաները ելույթից զրկվել են։
«Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարի հետ զրույցում ճշտեց, թե ինչու է «Տա լույս» երգչախմբի պրոդյուսեր, ուրարակիր Թովմաս Առաքելի սքեմն անվանել «դերյա», որին ի պատասխան՝ փոխնախարարը խույս է տվել եւ միջադեպն անվանել է սադրանք.
«Այդ կարգի խոսակցություններն ուղղակի սադրանք են եւ կապ չունեն իրականության հետ: Ցավալի է նաեւ, որ շատ կարեւոր նշանակություն ունեցող՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք իրականացնում ենք մեծ պատասխանատվությամբ, որոշակի շրջանակի կողմից փորձ է արվում քաղաքականացնելու: Համերգը եղել է բացառապես մշակութային միջոցառում:
Վերջին երկու օրերին սոցիալական հարթակներում ընդգծված ատելության խոսք է տարածվում պետական պաշտոնյաների, միջոցառման կազմակերպիչների եւ հովանավորների նկատմամբ: Հնչում են անձնական վիրավորանքներ, հերյուրանքներ եւ կեղծ տեղեկատվություն:
Կոչ ենք անում զերծ մնալ տարաբնույթ գնահատականներ տալուց, ապատեղեկատվությունից եւ իրավիճակը խեղաթյուրող անհիմն «փաստեր» ներկայացնելուց»:
Փոխախարարը պատասխանում չի առանձնացրել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչու է համերգը պլանավորածից շուտ սկսել, չկա հստակ հիմնավորում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, որո՞նք են նման մեծ համերգի ձախողման պատճառները։
Հավելենք, որ միջոցառումը կազմակերպվել է «Ազնավուր» հիմնադրամի եւ ԿԳՄՍ նախարարության համագործակցության արդյունքում։ Միջոցառման կատարման համար պայմանագիրը կնքվել էր մայիսի 5-ին, իսկ միջոցառման ընդհանուր արժեքը կազմել է 42 մլն դրամ։ Միջոցառումը նախատեսված է եղել 3 500 անձի համար։
Ինչ է սա, եթե ոչ պետական ֆինանսական միջոցների մսխում, այն դեպքում, երբ Ֆրանսիայից Հայաստան եկած փոխնախարար Դանիել Դանիելյանը ծախսում է ՀՀ սուղ պետբյուջեի միջոցները՝ խոչընդոտելով համերգի կայացմանը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԴԽ-Ն ՆՈՐ ԱՆԴԱՄ ՈՒՆԻ
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Մերի Համարձումյանը։
Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը։
Քվեարկությանը մասնակցել են 233 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մասնակցում Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը միջոցառման վայրից։
Նշվում է, որ Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «ԹպսՌՍՌռ ՍՈՎպվՖ» չինական-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, եւ հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային խաղաղ գործընթացի վերաբերյալ։
Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակի ադրբեջանական ընկալումը, հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ գործընթացի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունները, ինչպես նաեւ խաղաղության օրակարգի վերջին ձեռքբերումները։
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, որը ներառում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական գյուղերի վերադարձը», եւս մեկ անգամ հաստատեց երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղությանն իրական ներդրում ունենալու եւ վստահության վերականգնման առումով։
Հանդիպմանը նշվել է, որ երկկողմ խաղաղ գործընթացի արդյունավետության մասին են վկայում նաեւ 2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կառուցողական ոգով տեղի ունեցած բանակցությունները։
ԹՐԱՄՓԸ ՏՎԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գաղտնազերծել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ կապված փաստաթղթերը, եթե հաղթի նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է հունիսի 2-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բացի այդ, նա պատրաստակամություն է հայտնել հրապարակել փաստաթղթեր 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության, ինչպես նաեւ կանանց, այդ թվում՝ անչափահաս, սեռական շահագործման ենթարկելու համար մեղադրված եւ բանտում ինքնասպանություն գործած միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դա արվելու է ամերիկյան ինստիտուտների նկատմամբ կորցրած վստահությունը վերականգնելու համար։