ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՏԵԿՏԻՎ՝ «ՎԱՐՇԱՎԱ 21»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան, որը պատմում է ռուս դիվանագետների աշխատանքի մասին Լեհաստանում։

«Վարշավա 21» սերիալի բեմադրող ռեժիսորն է Ֆելիքս Գերչիկովը, բեմադրող օպերատորը՝ Անտոն Կոստրոմինը, բեմադրող նկարիչը՝ Վասիլի Գրոզնին։ Գլխավոր դերերը կատարել են Դմիտրի Միլլերը, Դմիտրի Կուլիչկովը, Վալերիա Շկիրանդոն, Կոնստանտին Կրյուկովը, Սերգեյ Յուշկեւիչը, Անդրեյ Իլյինը, Յուրի Բատուրինը, Նիկոլայ Կոզակը, Անատոլի Կոտենյովը, Յուրի Բելյաեւը, Սերգեյ Գուրեւը եւ այլք։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներն են ամենահայտնի ռուսական քաղաքական դետեկտիվներից մեկի՝ «Դեսպանատուն» սերիալի (ծՁԹ, 2018) ստեղծողները՝ Վիկտոր Սողոմոնյանը եւ Միխայիլ Վոլոբուեւը։ Սա նրանց երրորդ համատեղ աշխատանքն է։
«Վարշավա 21» սերիալը նույնպես ստեղծվել է ռուսական կինեմատոգրաֆի համար հազվադեպ՝ քաղաքական դետեկտիվի ժանրով։ Չնայած սյուժեի հիմքում ընկած իրադարձությունները հորինված են՝ պատմությունը բավականին հավաստի կերպով փոխանցում է այն տրամադրությունները, որոնք նկատվում են աշխարհի քաղաքական քարտեզին վերջին մի քանի տարիներին։
Նախընտրական արշավի ընթացքում Լեհաստանի նախագահի աթոռի համար սպանում են հանրահայտ լրագրող Կոզելսկուն։ Լեհական հեռուստաալիքները ակնթարթորեն որսում են երկրի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության մասին վարկածը՝ սիլեզյան անջատողականներին աջակցելու եւ իրադրության ապակայունացման նպատակով։ Որպես ապացույց հեռուստատեսությամբ պատտում են ռուս դեսպան Կոնոբեեւի (Անատոլի Կոտենյով) եւ նախագահի թեկնածուներից մեկի՝ Դոմբրովսկու (Սերգեյ Յուշկեւիչ) խոսակցության ձայնագրությունը, որը, իբր, ուղարկվել է սպանված լրագրողի փոտով։ Փոքր կայծից աշխարհաքաղաքական հրդեհ է բռնկվում, որը կարող է հսկայական վնաս պատճառել երկրի շահերին։ Դիվանագիտական առաքելության վարկաբեկված աշխատակիցը հիվանդանոց է ընկնում ինֆարկտով, իսկ նրա փոխարեն գալիս է ճգնաժամային դիվանագետ Վյաչեսլավ Վասիլեւը (Դմիտրի Միլլեր)։ Նա պետք է ապացուցի, որ մեղադրանքները Մոսկվայի հասցեին որեւէ հիմք չունեն։
«Քաղաքական երանգավորում ունեցող դետեկտիվի ժանրում աշխատելը անասելի գրավիչ եւ, միեւնույն ժամանակ, անհավանական բարդ գործ է։ Ստեղծագործությունն ստացվում է բազմակողմ ու հագեցած, եւ այդ ամենը շնորհիվ այն բանի, որ պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, պահպանել գեղարվեստական հորինվածքի եւ իրականության միջեւ հավասարակշռությունը։ Այո, սերիալի իրադարձությունները կարող են հորինված լինել, բայց պատումի մթնոլորտը պետք է համոզի դիտողին, որ էկրանին տեղի ունեցողը եթե վավերագրական էլ չէ, ապա խիստ հրատապ է ու մոտ կյանքին։ Իսկ եթե դրա հետ նաեւ ստացվում է պահել լարված դետեկտիվ բաղադրիչը, ապա ծնվում է նախագիծ, որը գրավում եւ լարված է պահում հանդիսատեսին։ Ինձ թվում է, որ այս սերիալում մեզ հաջողվել է լուծել այս բազմախնդրայնությունը եւ բոլոր բաղադրիչները հանրագումարել մեկ միասնական պատկերում։ Բայց վերջնական խոսքը, իհարկե, հանդիսատեսինն է»,- նշել է բեմադրող ռեժիսոր Ֆելիքս Գերչիկովը։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԲԱՑՄԱՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ
Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի այն կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Բացման արարողությունը եւ համերգը, ավանդույթի համաձայն, տեղի կունենան մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։
Գալա համերգի ծրագրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները՝ «Ծնունդդ շնորհավոր», վարիացիաներ Արամ Խաչատրյանի թեմաներով, գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի, Սպարտակի եւ Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որը կներկայացնի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը: Համերգի ընթացքում կհնչի նաեւ Ձոն ցնծության ստեղծագործությունը մեցցո-սոպրանոյի, խառը երգչախմբի, ջութակահարների անսամբլի, տավղահարների անսամբլի եւ նվագախմբի համար, մենակատար՝ Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)։ Համերգին ելույթ կունենա նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող երաժշտական այս ստուգատեսն իր կարեւոր տեղն ունի աշխարհում անցկացվող միջազգային մրցույթների ընտանիքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնեւում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է եւ գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երեւանի քաղաքապետարանը։ Մրցույթը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓՈՒԼ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:
Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը եւ համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքները եւ ծրագրերի ծավալների մեծացման գործընթացը եւ այլն։
Մայրաքաղաք Երեւանը չի մասնակցում մրցույթին։ Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք։
Յուրաքանչյուր տարի մրցույթի կազմակերպման եւ անցկացման աշխատանքների իրականացման համար ստեղծվում են մրցութային հանձնաժողով եւ փորձագիտական գնահատման խումբ:
Մրցույթի արդյունքներն ամփոփվում եւ հաստատվում են մրցութային հանձնաժողովի կողմից՝ փորձագիտական գնահատման երկու բաղադրիչների եւ SMS քվեարկության համադրությամբ։
Մրցույթին կարող են դիմել քաղաքային բնակավայր ունեցող համայնքը կամ նրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։
Մրցույթի արդյունքներով երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը դիտարկվում է որպես երիտասարդական, մշակութային, սպորտային միջոցառումների եւ նախաձեռնությունների իրականացման առաջնահերթ վայր:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 2-ը ներառյալ։
Հայտերի՝ մրցույթի իրականացման կանոնակարգի պահանջներին համապատասխան ներկայացման եւ պատշաճ լրացմանն աջակցության նպատակով հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի կունենա խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված այն քաղաքների/համայնքների ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի 19-ը [email protected] էլ. փոստին ուղարկել մասնակցի(ների) մասին տեղեկատվություն՝ նշելով անունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

ՈՒՂԵԳԻՐ Է ՆՎԱՃԵԼ
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Բանգկոկում ավարտվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մարտին Մաքդոնագի նկատմամբ՝ ապահովելով իր մասնակցությունն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում: Սա Հայաստանի արդեն 12-րդ ուղեգիրն էր:

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՍԼՈՎԵՆԻԱՅՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Լյուբլյանա, որտեղ հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ. հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի ազգային հավաքականը Սլովենիա է մեկնել հետեւյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարեւիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ – «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Էդգար Սեւիկյան – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Նոա»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Գեւորգ Տարախչյան – «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»

ՖԻԴԵ-Ի ԱՂՅՈՒՍԱԿԸ
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը։ 100 ուժեղագույն շախմատիստների թվում կա Հայաստանի երեք ներկայացուցիչ։ Հայկ Մարտիրոսյանը 2662 վարկանիշով զբաղեցնում է 67-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը (2660) 70-րդն է, Հրանտ Մելքումյանը (2646)` 93-րդը։




Լրահոս