«Արցախի ձայներ» նախագծի՝ աջակցության խնդրանքի արդյունքում ծնված առաջին աշխատանքը երկու օրում մոտ 10 հազար դիտում է հավաքել YouTube սոցիալական հարթակում:
Արցախի ամենահայտնի երաժշտական նախագիծը, որից «ծնվել» են այնպիսի երգիչներ, ինչպիսին են Ռազմիկ Ամյանը, Վարդան Բադալյանը, դերասանուհի և հաղորդավարուհի Տոման և շատ ուրիշներ, աջակցության խնդրանքով դիմել էր գործընկերներին և հանրությանը:
Խնդրանքին աջակցել էին բազմաթիվ հայտնիներ, որի արդյունքում նախագիծը կներկայացնի նոր երգերի շարք: Շարքում առաջինը Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգն է՝ «Երազանք»:
Նախագծի յութուբյան ալիքում տեսահոլովակին կից գրված է. «Երկար դադարից հետո «Արցախի ձայն» նախագիծը ներկայացնում է նոր երգերի շարք։ Մեր խնդրանքին ընդառաջեցին և մեզ հրաշալի մեղեդիներ, բառեր, մշակումներ, տեսահոլովակներ նվիրեցին հեղինակավոր ստեղծագործողներ։
Մեզ աջակցելու խնդրանքին արձագանքած մեր գործընկերների և ընկերների ցանկում են՝ Անիտա Հախվերդյանը և Վահրամ Պետրոսյանը, KarenSevak Production-ը և Մարտին Միրզոյանը, Նիկ Եգիբյանը և Արման Սահակյանը, Րաֆֆի Ալթունյանը և Արմեն Սարգսյանը ( Brde ), Արթուր Մանուկյանը և Արտեմ Վալտերը, Ռազմիկ Ամյանը և Արամեն, Ալեքս Ասրյանը և Մարգարիտա Շարիմանյանը, Ավետ Բարսեղյանը և Արա Թորոսյանը, Արաբո Իսպիրյանը, Միկա Մարգարյանը և Տիգրան Ավետիսյանը:
Մեզ աջակցում են նաև Positive Production-ը, Հեփի Իվենթ Production-ը, Մանե Գրիգորյանը, Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը, Կարեն Ստեփանյանը(KS):
Մեր կողքին են՝ դիզայներներ Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Արայիկ Գաբաջյանը։
Նրանք բոլորն աջակցում ու հավատում են մեզ, օգնում են ստեղծագործել և հավատալ ապագային։ Շնորհակալություն շոու բիզնեսի բոլոր մեր գործընկերներին:
Շնորհակալություն Արցախի և արցախցիների հանդեպ Ձեր կարեկցանքի համար։
Նոր շարքի առաջին պրեմիերան Րաֆֆի Ալթունյանի հեղինակած երգն է՝ Արմեն Սարգսյան-ի ( Brde ) գործիքավորմամբ, տեսահոլովակը նկարահանվել է Yerevan Holding-ի կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում այս եռյակին հիանալի աշխատանքի համար»:
Հ. Բ.