
2024-ի ընթացքում մոտ 1290 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ, հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։
«62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։
429 անձ դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ։
557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ Ավելին, ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։
3 անձ Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մեր աջակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։