Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
«Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի բեռն էր դեպի Հայաստան», — ասել է Ալիևը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին նշել է, որ
«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական և վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»։
Թեև հայտարարությունները ներկայացվում են որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության քայլ, փորձագետների շրջանում հարցեր են առաջացել՝ արդյո՞ք Հայաստանի բեռների մուտքը Ադրբեջանի տարածքով չի վերածվի նոր քաղաքական կախվածության կամ ճնշման գործիքի։
Քննադատներն ընդգծում են, որ նման տարանցիկ սխեմաներում գերիշխում են ոչ թե տնտեսական շահերը, այլ քաղաքական նպատակահարմարությունը, ինչն էլ Հայաստանի համար կարող է ստեղծել նոր ռիսկեր՝ հատկապես երբ տնտեսական ուղիները կախված են Բաքվի կամքից։
Իսկ Էկոնոմիկայի նախարարը, որ հրճվում է ներկրումներից, պետք է հիշի,որ ՀՀ տնտեսական զարգացման պատասխանատուն է, ոչ թե ներկրումների:
Ի դեպ, Պապոյանն անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը, որոնց մոտ 300 վարորդներ հավաքվել էին Կառավարության մոտ, հիմա էլ ՀՀ-Վրաստան անցակետի մոտ կանգնած են՝ անգործ:
Ս. Գրիգորյան

























































































