Անհասկանալի է «պախկված» տեղից բաներ ասելը. Թովմասյանը` Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում Արդարադատության նախարարի պաշտոնակատար  Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`  սահմանադրական բարեփոխումների շուրջ արված դիտարկումներին:

«Համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ: Վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա՝ պայմանավորված այն իրավիճակով, որ ստեղծվել է երկրում:

Նրա խոսքով՝ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել նաև խորհրդարանական համակարգի անցնելու միջոցով:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ժամանակ առ ժամանակ նկատվող ակտիվությանը՝ նա նշեց.

«Ինձ համար որպես քաղաքական երևույթ` անհասկանալի է «պախկված» տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, դա պետք է  անել բացահայտ: Անցել են այն ժամանակները, որ քողարկված ժամանակ առ ժամանակ քայլեր էին կատարվում: Եթե դու ուզում ես քաղաքականություն վերադառնալ, ապա պետք է բացահայտ ասել, թե որոնք են քո ծրագրերը, և նման գործելաոճին վերջ տալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե այժմ չի տեսնում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը, իսկ իշխանությունների պարզաբանումները համարում է անհիմն և հեղհեղուկ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս