Armenian text to speach

Կայացել է Ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Ճանապարհային անվտանգության դիտակետի (EaP RSO-Eastern Partnership Road Safety Observatory) երկրորդ տարեկան համաժողովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից՝ մանրամասնելով, որ ԱլԳ ճանապարհային անվտանգության դիտակետի երկրորդ տարեկան համաժողովի հիմնական նպատակը եղել է դիտակետի և մասնակից երկրների առաջընթացը գործունեության 2-րդ տարում (2025 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի հունվար ժամանակահատվածի համար) վերանայումը և դիտակետի ռազմավարական ուղղությունը և գործունեության 3-րդ տարվա (2026թ․ փետրվարից մինչև 2027թ․ հունվար ժամանակահատվածի համար) աշխատանքային պլանի քննարկումն ու հաստատումը:

Նշվում է, որ համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ դեսպանը, FIA Foundation-ի ներկայացուցիչները, դիտակետի քարտուղարության, ԱլԳ անդամ երկրների ազգային ներկայացուցիչներ և համակարգողներ Հայաստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ուկրաինայից (online), դիտակետի քարտուղարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ՏԿԵ և ՆԳՆ նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի կարևորագույն խնդիրներից է երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև տնտեսության և ազգաբնակչության պահանջների բավարարման որակի բարձրացման միջոցով անվտանգ և արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։

Նախարարի տեղակալը, անդրադառնալով ՄԱԿ-ի կայուն զարգացման կարևոր նպատակներին, առանձնացրել է ճանապարհային անվտանգությունը, այն է՝ բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգերը՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերում գտնվող անձանց` կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին։

Եզրափակիչ խոսքում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է, որ Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Հայաստանը կարևորում է ճանապարհային անվտանգության բարելավման գործում միջազգային գործընկերների և կազմակերպությունների աջակցությունը:

«Մեր հաջողությունը կախված է ամուր գործընկերություններից, և մենք խորապես շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին նրանց շարունակական աջակցության համար»,-ասել է Ղալեչյանը։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է ԵՄ աջակցությունը Հայաստանում ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացվող ծրագրերի և նախաձեռնությունների հարցում։

Միջոցառման 2-րդ մասում ներկայացվել է դիտակետի կողմից Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։

 

 




Լրահոս