Փետրվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Random Acts of Kindness Day-ը՝ Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը։ Այն կոչված է հիշեցնելու, որ անգամ ամենափոքր բարի քայլը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի վրա։ Տոնի գաղափարն է խրախուսել մարդկանց առանց նախապայմանների և ակնկալիքների բարություն դրսևորել՝ դարձնելով այն առօրյայի բնական մաս։
Օրվա պատմությունը սկիզբ է առել 1990-ականներին՝ Նոր Զելանդիայում ձևավորված բարության շարժումից, որը հետագայում տարածվել է աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր այն նշվում է տասնյակ պետություններում՝ կրթական հաստատություններում, կազմակերպություններում և համայնքներում իրականացվող նախաձեռնություններով։
Բարության ինքնաբուխ արտահայտումը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ անծանոթին ժպիտ պարգևել, շնորհակալություն հայտնել, օգնել տարեց մարդուն, նվիրաբերություն անել կամ պարզապես ուշադիր լինել դիմացինի հանդեպ։ Մասնագետները նշում են, որ նման քայլերը ոչ միայն բարելավում են հասարակական մթնոլորտը, այլև դրական ազդեցություն ունեն կատարողի հոգեկան առողջության վրա՝ բարձրացնելով տրամադրությունն ու նվազեցնելով սթրեսը։
Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ բարությունը վարակիչ է։ Յուրաքանչյուր փոքր նախաձեռնություն կարող է շղթայական արձագանք առաջացնել՝ ձևավորելով ավելի համերաշխ և հոգատար հասարակություն։























