Ով է մահացած կալանավորը, ինչի համար է նա հայտնվել բանտում, ուշացած ապացույցներն ու մահը։
ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ կալանավոր է մահացել։ Վերջինս 43-ամյա Տավրոս Ալբերտի Ոսկանյան է, որը ունեցել է այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են եղել։
ArmLur.am-ը դիմել էր Քրեակատարողական ծառայություն, որտեղից ՔԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել էր. «ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1982թ․ ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29․01․2026թ․ կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04․02․2026թ․ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն։ 17․02․2026թ․ կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»։
Եվ այսպես ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել կալանավորի մահվան դեպքից: 2025 թվականի հուլիսի 7-ին դատարան էր մուտք եղել Տավրոս Ալբերտի Ոսկանյանի վերաբերյալ քրեկան գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2025 թվականի մարտի 24-ին’ առավոտյան ժամը 08-ից 09-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Անահիտ Կոնստանտինի Ներսեսյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան 47-րդ շենքի թիվ 3-րդ բնակարան և ննջասենյակից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող արծաթյա զարդերը և 65.000 ՀՀ դրամ գումարը’ Անահիտ Ներսեսյանին պատճառելով ընդհանուր 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ուսումնասիրելով նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը, տեղեկանում ենք, որ մեղադրյալ Տավրոս Ոսկանյանը դատարան մի քանի անգամ դիմում է ներկայացրել և տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ սույն դատական նիստին: Ավելին, 2025 թվականի հոկտեմբերին դատավոր Արտակ Կարապետյանը քրեական գործով մեղադրյալ Տավրոս Ալբերտի Ոսկանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել է երեք ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը ներառյալ: Մեղադրյալ Տավրոս Ալբերտի Ոսկանյանի և պաշտպան Էդիկ Աղաբեկյանի միջնորդությունները՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժվել էր: Մեղադրյալը պարբերաբար պնդել է, որ գլխուղեղի քաղցկեղ ունի եւ սպասում է բժիշկների եզրակացությանը, սակայն դատարանը, մեղադրող դատախազը պահանջել են ապացույցներ:
Արդյունքում, մինչ մեղադրյալ Տավրոսը ապացույցներ կներկայացներ, 2026 թվականի հունվարի 7-ին գործարար Սամվել Կարապետյանին կալանքի տարած դատավոր Արտակ Կարապետյանը վճիռ է կայացրել Տավրոս Ալբերտի Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1․1-րդ, 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերի կիրառմամբ Տավրոս Ալբերտի Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկումը՝ 5 (հինգ) տարի, 4 (չորս) ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեղադրող դատախազը եղել է Վ․Մարգարյանը: Վճիռ կայացնելուց հետո պաշտպանական կողմը ստացել է բժիշկների եզրակացությունը, որ մեղադրյալը քաղցկեղ ունի, պաշտպանական կողմի դիմել է դատարան, որ կալանքը փոխարինեն այլ խափանման միջոցով, սակայն դատարանից պատճառաբանել են, որ վճիռը արդեն կայացրել են եւ այլ բան չեն կարող անել:
Արդյունքում, մեղադրյալ Տավրոս Ոսկանյանի պաշտպանները փետրվարի 16-ին դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան փետրվարի 17-ին ՀՀ վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է դատավորներ Մակար Կիրակոսյանին, Լուսինե Ալավերդյանին, Սևակ համբարձումյանին ու հենց այդ օրն էլ կալանավորը մահացել է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























