Armenian text to speach

Իրանը հայտարարել է, որ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները կախված են Լիբանանում հրադադարի պահպանումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը հայտարարել է, որ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների անցկացումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից հրադադարի պարտավորությունների լիարժեք պահպանմամբ՝ հատկապես Լիբանանում։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա հրադադարի պայմանավորվածություններին բոլոր ուղղություններով։ Նա խստորեն դատապարտել է Լիբանանում իսրայելական գործողությունները և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Լիբանանի ժողովրդին ու կառավարությանը։

Բաղային ընդգծել է Լիբանանի ժողովրդի «դիմադրությունը» և նշել, որ Իրանի և Լիբանանի ժողովուրդների միջև համերաշխությունն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։

Խոսելով հրադադարի և Լիբանանի հարցի կապի մասին՝ նա նշել է, որ Լիբանանում պատերազմի դադարեցումը կազմում է հրադադարի համաձայնության անբաժանելի մասը, որը առաջարկվել է Պակիստանի միջնորդությամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պարտավորվել է դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով, և ցանկացած հակառակ քայլ կնշանակի այդ պարտավորությունների խախտում։

Բանակցությունների անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ Բաղային հայտնել է, որ Պակիստանը հրավիրել է կողմերին մեկնել Islamabad և սկսել բանակցություններ, սակայն դրանք դեռ գտնվում են քննարկման փուլում։ Նա ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը երաշխավորի հրադադարի պահպանումը։

Իրանական պատվիրակության կազմի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ը և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ՝ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական անձանց սպանությունից հետո։

Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերին տարածաշրջանում՝ հայտարարելով, որ կարողացել են զգալի վնաս հասցնել հակառակորդին։

Պակիստանի միջնորդությամբ կողմերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի շուրջ, որի ընթացքում նախատեսվում է բանակցությունների անցկացում։ Իրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է, մասնավորապես, ԱՄՆ զորքերի դուրսբերում տարածաշրջանից, պատժամիջոցների վերացում և Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը։

Ապրիլի 8-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ տեղի ունեցածը «պատմական հաղթանակ» է Իրանի համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել ընդունել բանակցությունների պայմանները։

Իրանը նաև նշել է, որ բանակցությունները չեն նշանակելու հակամարտության ավարտ, այլ կդառնան դրա շարունակությունը դիվանագիտական հարթությունում՝ ընդգծելով Վաշինգտոնի նկատմամբ անվստահությունը։

Անի Վարդանյան




Լրահոս